Հայաստանը և Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում

15-04-2019 18:33

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի,  KfW գերմանական բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կլաուս Վայգելի, բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի, KfW-ի և GIZ-ի հայաստանյան ներկայացուցիչների ուղեկցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ժամանակ քննարկվել է Գերմանական KfW բանկի կողմից  բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ուղղված՝ 2019-2020 թթ. համար Հայաստանին բյուջետային աջակցության տրամադրման գործընթացը: Դիտարկվել են բարեփոխումների թիրախները և ակնկալվող արդյունքները: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ներկայացնելով կենսաբազմազանության պահպանության ուժեղացման, միասնական մոնիթորինգի ու թույլտվությունների համակարգերի ձևավորման, փորձաքննության գործընթացների օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցառումները, նշել է, որ դրանց հիմնական նպատակը շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացումը և ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնապահպանության ոլորտին առնչվող մոտ 30 հրահանգների մոտարկման համար Բնապահպանության նախարարության մշակած 97 գործողությունների ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքին:

Lragir.am,
15-04-2019 18:33