Փաշինյանը ողջունել է Բելառուսի գործընկերոջ մասնակցությունը Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

15-04-2019 19:38

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Հայաստանում Բելառուսի դեսպանին, նշել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ձևավորված բարեկամական լավ հարաբերություններ, և պետք է համատեղ աշխատել դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական ակտիվ երկխոսությունը երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն միավորումների և կառույցների շրջանակում: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ողջունել է ապրիլի 30-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Բելառուսի վարչապետի մասնակցությունը, որը լավ առիթ է՝ նաև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար: ՀՀ-ում Բելառուսի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, և Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետևողական խորացմամբ: Նիկոլ Փաշինյանը և Իգոր Նազարուկը կարևորել են երկկողմ բարձրաստիճան շփումների ակտիվացումը և քննարկել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Վարչապետն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին և առաջարկել բելառուսական բիզնես շրջանակներին ներկայացնել մեր երկրում ազատ տնտեսական գործունեության համար ստեղծված լայն հնարավորությունները: Դեսպան Նազարուկը վստահեցրել է, որ կփոխանցի այս ուղերձը և նշել, որ բելառուսական կողմի համար հետաքրքրական է քաղաքային տնտեսության, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ ծավալել տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի խորացման ուղղությամբ: ՀՀ վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Տարածաշրջանում կայունության և հավասարակշռության ապահովման տեսանկյունից ՀՀ վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Բելառուսի կողմից հավասարակշռված մոտեցման պահպանումը:

Lragir.am,
15-04-2019 19:38