Ռուսաստանն այդ պարտավորությունից չի հրաժարվել, Լենին-Աթաթուրք դաշինքը գործում է

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Օրերս ԱԺ հանձնաժողովում քննարկումներից մեկի ժամանակ հարց հնչեց, թե արդյոք ռուսական հեռուստաալիքները՝ ՕՌՏ, «Ռոսիա», «Միր», Հայաստանում պետք է սահմանափակվեն, թե ոչ: ՀՌԱՀ-ի ղեկավար Տիգրան Հակոբյանն ի պատասխան նշեց, որ դա հղի է լուրջ հետևանքներով, այդ թվում՝ տարածքների կորստով, ինչպես Վրաստանում և Ուկրաինայում: Ընդհանուր առմամբ, ինչո՞վ եք բացատրում այդ ալիքների կողմից հակահայկական քարոզը, և արդյոք տեսնում եք ՀՀ տարածքում դրանց սահմանափակման անհրաժեշտություն: Խոսքի ազատության հարցում ես հետևողական եմ, այն պետք է ազատ լինի, բայց սահմանված կարգով: Այսինքն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, դրանք բոլորը պետք է ունենան հատուկ կարգավիճակ, ինչպես CNN-ը և «Եվրանյուսը», այդպես էլ ռուսական ալիքները պետք է ունենան հատուկ լիցենզիա, որով հեռարձակվեն: Այդտեղ որևէ խնդիր չկա: Իսկ եթե հակահայկական է, հարկավոր է ճիշտ նույն ձևով պատասխան ուղարկել: Մեզ մոտ էլ պետք է ասվի, որ ձեր ասածները ֆեյք, հակահայկական հաղորդումներ են: Պետք է ասվի, այդ երկրի իշխանությունը կամ այսինչ քաղաքական գործիչը հակահայ է: Ես կարծում եմ, որ խոսքի ազատության ոլորտում ոչինչ պետք չի սահմանափակել: Բացի կրթության, բնության պահպանության վերաբերյալ հաղորդումներից, որոնք արտոնության իրավունք ունեն, մնացածը, հատկապես քաղաքական հաղորդումները, որևէ արտոնություն չպետք է ունենան: Տիգրան Հակոբյանի հայտարարությունը շատ լուրջ է, և դրա համար պատճառներ կան: Տիգրան Հակոբյանը փորձառու մասնագետ է և գիտի, որ երբ ռուսական ալիքները դժգոհում են, այդ դժգոհությունը լրագրողինը չէ, դա այդ երկրի քաղաքական իշխանության վերաբերմունքն է ՀՀ-ի նկատմամբ: Դա ահազանգ է, նրանք մեզ սպառնում են: Մենք ընդհանրապես պետք է իմանանք, որ ռուսների մասին հնչող «ստրատեգիական դաշնակից», «դարավոր եղբայրներ» արտահայտությունները ձևի համար պետք է ասել, ինչպես դա օրինակ ասում է ավտոպատասխանիչը: Ռուսներին դուր է գալիս, որ մենք, իմանալով իրենց իսկական նպատակները, կեղծում ենք: Այդ կեղծավորությունը նրանց հաճելի է: Մենք՝ որպես կեղծավորներ, պետք է ասենք՝ այո, դուք մեր դարավոր բարեկամն եք: Մեզ մոտ պետք է նույնիսկ Յուդենիչի, Նիկոլայ Երկրորդի, Ստալինի, Բերիայի հուշարձանները լինեն: Մենք պետք է այդ ջարդարարների մասին ֆիլմեր նկարենք և «հայ ժողովրդի բարեկամ» ներկայացնենք Նիկոլայ Երկրորդին, գեներալ Յուդենիչին, որը կազմաքանդեց ռազմաճակատը, իր հետ տարավ բանակն ու զենքերը: Մենք պետք է Լենինին ներկայացնենք «մեծ հայասեր», որը Աթաթուրքի հետ մեծ դաշինք էր կնքել: Ռուսաստանը այդ կերպարով է գալիս մեզ մոտ: Քանի դեռ վտանգված է  մեր հայրենիքը, մենք ազատված չենք նրանց վրեժխնդրությունից, ազատված չենք Լենին-Աթաթուրք պակտի ազդեցությունից, մենք պետք է զգույշ լինենք, պետք է Ռուսաստանից զգուշանանք: Այսօր էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում  այդ զգուշությունը խետք է պահպանվի՞: Հիմա մեր պետությունը հնարավորություն ունի ավելի ազատ լինելու, ավելի գործընկերային լինելու և ավելի շատ ազատվելու Ռուսաստանի ճնշումից: Դրա համար պետք է մեր իշխանությունը դառնա Ռուսաստանի համար գործընկեր, ոչ թե նրա հպատակը, թիրախն ու զոհը: Մենք հիմա Ռուսաստանի հպատակն ենք, թիրախն ենք, զոհն ենք: Մենք, օրինակ, պետք է բարձրացնենք Լենին-Աթաթուրք պակտի հարցը: Մենք պետք է իմանանք հայտնի մաթեմատիկական բանաձևը՝ մեր  թշնամու բարեկամը մեր թշնամին է: Այդ բանաձևը մենք պետք է դնենք Ռուսաստանի առջև: Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամներ են, նշանակում է՝ նրանք մեր թշնամիներն են: Եթե նրանք մեր բարեկամն են, նշանակում է՝ Թուրքիայի թշնամին են: Դա միանշանակ է, և երբեք դա չի կարելի կոմպլեմենտար դարձնել: Դուք կամ մեր բարեկամն եք, կամ նրանց բարեկամն եք: Եթե դա դնում ենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Երեկվա իշխանությունները դա չեն կարողացել ասել: Բանաձևը կա, թող ռուսներն ընտրեն իրենց տեղն այդ բանաձևում: Ես կարծում եմ՝ պարբերաբար, դա մենք պետք է ասենք: Մենք մեր դաշնակից Ռուսաստանին հարցնենք՝ դուք հիմա մե՞ր դաշնակիցն եք, թե՞ մեր հակառակորդ, ներկայացեք առանց դիմակի: Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Դուք տպավորություն ունե՞ք, որ Մոսկվան փորձում է  խնդրի կարգավորումն իր ցանկալի ուղղությամբ տանել և միանձնյա փորձել կարգավորել, ինչպես նշում են ռուս փորձագետները: Ռուսաստանն ունի պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ: 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանը պարտավոր է ապահովել Ղարաբաղի պատկանելիություն Ադրբեջանին: Ռուսաստանն այդ պարտավորությունից չի հրաժարվել, Լենին-Աթաթուրք դաշինքը գործում է: Ռուսաստանը հավատարիմ է դրան: Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հավատարիմ են Ազգերի լիգայի միջազգային գնահատականին, որ Ղարաբաղը վիճելի տարածք է 1920 թվականի դեկտեմբերի որոշումով, որի տակ կա նաև Ադրբեջանի ստորագրությունը: Ադրբեջանի Հանրապետությունը 1920 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրել է, որ Արցախն իր անբաժանելի տարածքը չի, վիճելի տարածք է: Հիմա Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Հայաստանը դա են հիմք ընդունում, իսկ Ռուսաստանը հիմք է ընդունում իր պարտավորությունները: Հիմա ինչքան Ռուսաստանը միջամտում է Մինսկի խմբի գործընթացին, նա հիմքում դնում է իր պարտավորությունները: Վիճելի տարածքների հարցերը լուծվում են հայտնի երեք դրույթներով՝ ազգերի ինքնորոշում, սահմանների անձեռնմխելիություն և ուժի չկիրառում: Այսինքն՝ Մինսկի խումբը, Ազգերի լիգան ճանաչում են 1920 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը ճանաչում են 1921 թվականի մարտի 16-ի Մոսվկայի Լենին-Աթաթուրք դաշինքը: Լավրովը դիրեկտիվ ունի, որը այդ Մոսկվայի պայմանագիրն է՝ ապահովել Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունը: Իսկ ԱՄՆ-ը, Ֆրանսիան Ղարաբաղը ճանաչում են վիճելի տարածք: Հետևաբար, մենք պետք է կողմնորոշվենք, որ եթե Ռուսաստանն առանձին է խոսում, հիմքում դնում է իր կողմից կնքած պայմանագիրը: Մենք պետք է դրանից զգուշանանք, դա մեզ համար վտանգավոր է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
15-04-2019 20:03