Դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է գերմանական Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամի գիտաժողովին

15-04-2019 20:20

Գերմանական «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամը կազմակերպել է մեկօրյա համաժողով՝ «Մերժման և ճանաչման միջև. Հայոց ցեղասպանությունը պատմաքաղաքական բանավեճերի և հիշողության մշակույթի դիսկուրսում Գերմանիայում. անցյալը և ներկան» խորագրով: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել  հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Ֆլորիան Վայսը (Florian Weis), ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն (Petra Pau) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Իր խոսքում անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը` դեսպանը, մասնավորապես, նշել է. «Հիշողությամբ մենք չենք ցանկանում մեղադրյալի աթոռին գամել ցեղասպանություն իրականացրածների սերունդներին` որպես այդ հանցագործության մեղսակից: Սակայն մերժողական կեցվածքը և չդատապարտումը ենթադրում են, որ սերունդները շարունակում են կրել իրենց անցյալի հետ չառերեսվելու քաղաքականության ծանր բեռը»: Միջոցառման պատվավոր հյուրերից է եղել ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով իր ելույթում ընդգծել է, որ Ցեղասպանության հերքումը ոչ միայն քաջալերում է այլ ցեղասպանությունների իրագործումը, այլև չի նպաստում նման ոճրագործությունների կանխարգելմանը՝ առիթ հանդիսանալով ատելության խոսքի սփռման համար: Միջոցառմանը ներկա են եղել  ԳԴՀ գիտական, բուհական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Lragir.am,
15-04-2019 20:20