Առողջապահության նախարարությանը ենթակա 15 կառույցների տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ

15-04-2019 20:59

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյաննընդունել է արևային վահանակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպման նպատակն է` ապագայում նախարարության թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ, որոնցից երկուսում`«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է համակարգը: «Առանց այդ էլ սուղ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը երբեմն տարբեր պատճառներով ծախսվում է ոչ բժշկական ծառայությունների վրա, դրանցից է՝ էլեկտրաէներգիան, ջրի տաքացումը  և այլն: Որոշել ենք առնվազն ուսումնասիրությունների մակարդակում հասկանալ, որքանով կարող ենք մտնել դրա մեջ: Սկսած մեծ բժշկական հաստատություններից՝ վերջացրած փոքր հաստատություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը: «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 2018 թվականի հուլիսից տեղադրվել են պանելները և կես տարվա կտրվածքով խնայվել է մոտ 2,280 դրամ: Այդ ժամահատվածի ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարվել է 450000 դրամ: Հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները` հաշվի առնելով և արդյունավետությունը և հնարավոր ռիսկերը: Նախարարը լսել է ներկայացուցիչների առաջարկները` հույս հայտնելով, որ այս գաղափարը մոտ ապագայում իրականություն կդառնա»:

Lragir.am,
15-04-2019 20:59