Դեսպան Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հնությունների նախարարի հետ

15-04-2019 21:17

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀ հնությունների նախարար Խալեդ Ալ Անանիին (Khaked Al Anani): Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Ալ Անանին շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել: Խալեդ Ալ Անանին նշել է, որ 2018թ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին գլխավորել է եգիպտական պատվիրակությունը և ջերմությամբ է հիշում Հայաստանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը և Եգիպտոսը, հանդիսանալով որպես հնագույն քաղաքակրթություններ, մեծ ներուժ ունեն հնեագիտության ոլորտում համագործակցության համար և դրա վառ ապացույցն է հանդիսանում այն, որ ներկայումս Լուքսորում Ամենհոտեփ երրորդի տաճարի պեղումային աշխատանքներին են մասնակցում հայազգի և Հայաստանից ժամանած հնեաբաններ: Որպես համագործակցության համար հեռանկարային ուղղություն՝ դեսպան Գրիգորյանը առանձնացրել է նաև հին ձեռագրերի և փաստաթղթերի վերականգնման, խնամման ոլորտը և այս համատեքստում ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գործունեությունը և հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում Հին Եգիպտոսի դարաշրջանի թանգարանային նմուշների ցուցադրման հնարավորությունները:

Lragir.am,
15-04-2019 21:17