Դուք պատկերացնում եք, որ երբ որ վարչապետն ասում է՝ ժողովուրդն է պատասխանելու, ժողովուրդը պետք է գնա բանակցի՞. Զոհրաբ Մնացականյան

09-05-2019 00:34

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծի ժողովուրդը: «Դուք պատկերացնում եք, որ երբ որ վարչապետն ասում է՝ ժողովուրդն է պատասխանելու, ժողովուրդը պետք է գնա բանակցի՞: Կա կառավարություն, կառավարությունն ունի իր մանդատը, այդ մանդատը տրված է ժողովրդի կողմից, ընտրությունների միջոցով: Կառավարությունն իր մանդատների շրջանակներում է, չի կարող անել որևէ բան, որը կխախտի մանդատը»,- ասաց նա: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեռևս այդ փուլում չենք, բայց ձևեր կան, որոնցով հնարավոր է պարզել հասարակական կարծիքը: «Մենք չունե՞նք ձևեր, որ պարզենք ոնց է աշխատում հասարակական կարծիքը: Մեր հասարակության մեջ առավել ևս, հասարակություն, որն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի զարգացած է, քան մեզ թվում է: Շատ ավելի զարգացած է, որպեսզի մենք տեսնենք ժողովրդի կամքի արտահայտումը»,- հավելեց նա: ԱԳ նախարարը նշեց, որ դժվարանում է ասել, թե որ փուլից կարիք կլինի լսել հասարակության կարծիքը: Նրա խոսքով՝ կառավարությունն ունի իր պատասխանատվությունը՝ բանակցելու և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը: «Վարչապետը խոսում է սկզբունքի մասին, որովհետև հաճախ եղել են իրավիճակներ, երբ ենթադրություն է եղել, որ ինչ-որ գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել: Բայց ինչպե՞ս կարող է դա լինել: Մեր հասարակության մեջ, մեր երկրում կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը՝ ընտրությունների միջոցով և այդ կամքի հիման վրա է իր վրա վերցրել պատասխանատվությունը, մանդատի հիման վրա: Սա է մեր ասածը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Lragir.am,
09-05-2019 00:34