Հայաստանում հսկիչ դրամարկղային սարքերի խիստ պակաս կա. Դավիթ Անանյան

10-05-2019 16:05

Հայաստանում հսկիչ դրամարկղային սարքերի խիստ պակաս կա, և  ՊԵԿ-ը որոշ դեպքերում հին ՀԴՄ-ները թողնում է շրջանառության մեջ՝ նորերը տրամադրելով նոր գրանցված և ընդհանրապես ՀԴՄ չունեցող տնտեսվարողներին: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Քանի որ ՀԴՄ մեքենաների պակասուրդ ունենք, չի հերիքելու, մենք հետ ենք կանչում այն հարկ վճարողներին, ովքեր հին սերնդի ՀԴՄ ունեին, բայց նրանց նոր ՀԴՄ-ի հայտը բավարարվել է, և առաջներթ ՀԴՄ-ները տրամադրում ենք այն հարկ վճարողներին, ովքեր նոր են գրանցվել և ընդհանրապես ՀԴՄ սարք չունեն: Այսինքն՝ ՀԴՄ սարք պետք է բոլորն ունենան, բայց առաջնահերթ, ովքեր չունեն, նոր են բացվել, նրանց կտրամադրենք, հետո կփոխենք հին սերնդի ՀԴՄ-ները»,- ասաց նա: Ըստ Անանյանի՝ նոր սերնդի ՀԴՄ գնելու մոտ 9000 հայտ կա , որոնցից 3000-ը բավարարվել է, բայց դեռ չեն եկել ստանալու: «Եվ ՀԴՄ-ները խիստ սահմանափակ քանակով են, եթե չեմ սխալվում՝ 700 կամ 800 հատի մասին է խոսքը»,- հավելեց նա:

Lragir.am,
10-05-2019 16:05