Մեր զարգացման մոդելի հիմքում պետք է ընկած լինի նորարար, ստեղծարար, գործարար մարդը` որպես գերագույն արժեք

12-05-2019 00:52

Lragir.am–ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու հարցերի նույն առանցքի շուրջ : Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են 256 Hub–ում: Մեր զրուցակիցը Հովսեփ Պատվականյանն է: Նա աշխատում է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակում՝ որպես տնտեսագետ: «Invest in Armenia» հարթակի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան և Ռուս–հայկական համալսարաններում: Սովորել է Ստոկհոլմի Տնտեսագիտության և Կենտրոնական Եվրոպական համալսարաններում: Պարոն Պատվականյան, հայրենի՞ք, թե՞ մայրենիք, և ինչո՞ւ: Հետաքրքրական է, որ միջնադարյան Հայաստանում «հայրենիք» տերմինը օգտագործվում էր որպես սեփականության իրավունքի հիմնական տեսակ: Ըստ Մխիթար Գոշի դատաստանագրքի՝ հայրենիքը սեփականության իրավունքի առաջին և հիմնական տեսակն էր, որը ձեռք էր բերվում «սրով» կամ «առքով»: Միաժամանակ, հայրենիքը նշանակում էր ոչ միայն տվյալ հողատիրության կատեգորիան, այլև ընդհանրապես սեփականություն կազմող գույք, լիներ այն կալվածք, այգի, դաշտ կամ տուն: Վերջինս, կարծում եմ, լավ նկարագրում է, թե որտեղից է սկսվում «հայրենիքը»: Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանո՞վ են մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Ծնվել եմ Երևանում, արմատներով` Տաթևին կից Լեռնաշենից եմ, որտեղ մինչ այսօր կանգուն է մեր պապենական տունը, որը կառուցվել է 1866 թվականին: Այցելում ենք ամեն ամառ․ընտիր բնություն է, մարդիկ: Կարևոր է իմանալ, որտեղից ես սերում, ինչով են զբաղվել նախնիներդ: Գիտեմ տոհմածառս ընդհուպ մինչև 1720-ականներ: Ազգանունը եղել է Տեր- Հովհաննիսյան, Պատվականյան ազգանունը սկսել ենք օգտագործել 1934 թվականից: Տոհմում ունեցել ենք հոգևորականներ, ճարտարապետներ, երկրաբաններ, մաթեմատիկոսներ, Նժդեհի կոմիսարներ: Լսելով այս մարդկանց պատմությունը՝ մի փոքր ավելի լավ ես կարողանում ինքդ քեզ ճանաչել: Մի քանի խոսքով ներկայացրեք Ձեր մանկությունը, պատանեկությունը, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող երիտասարդությունը: Մանկությունս՝ առանց լույսի, բայց լուսավոր: Լամպի լույսի տակ երեկոյան երկար զրույցներ, պատմություններ, խինդ ու ծիծաղ, հայրս կիթառ էր նվագում, մայրս՝ դաշնամուր, եղբորս հետ որևէ պահի չենք զգացել, որ դրանք «մութ ու ցուրտ» տարիներն էին: Հիմա ենք գիտակցում որքան բարդ է եղել մեր ծնողների համար այդ տարիներին: Ամենաջերմ տարիներն էին՝ ամենալավ հիշողություններով: Պատանեկության շրջանում ամեն բանով հետաքրքրվում էի, զբաղվում էի լողով, պարով, շախմատով, բասկետբոլով, սիրում էի մաթեմատիկա և դրա հետ կապված ամեն բան: Երիտասարդության շրջանը մեծ հնարավորությունների ժամանակն էր: 18 տարեկան էի, երբ ուսումս շարունակեցի Ստոկհոլմի Տնտեսագիտական համալսարանում, ինքնուրույն կյանք, նոր միջավայր: Աշխարհընկալումս շատ փոխվեց, ձևավորվեց արժեհամակարգը, զարգացավ քաղաքացիական պատասխանատվության զգացումը: Բոլոր քայլերս թե այն ժամանակ, թե այսօր բխել և բխում են այն սկզբունքներից, որոնք որդեգրել եմ այդ տարիներին: Որո՞նք են Ձեր կյանքի կարևոր դասերը: Լինել ազգությամբ հայ աշխարհի քաղաքացի: Եթե ես ամենից լավն եմ իմ ընկերությունում, համայնքում, քաղաքում, մեկ այլ երկրում, մեկ այլ միջավայրում կգտնվի ավելի խելացին, ումից կարելի է նոր բան սովորել, և ուրեմն կատարելագործման ձգտելու նոր թիրախ: Ամերիկյան ընկերություններում աշխատելու ժամանակ սովորեցի, թե որքան կարևոր է շրջապատում ունենալ մարդիկ, ովքեր տալիս են ճիշտ հարցեր: Շատ դեպքերում ունենում ենք մտքում բոլոր հնարավոր հարցերի պատասխանները, բայց ճիշտ հարցեր տվող մարդկանց բացակայության դեպքում մեր պատասխանները այդպես էլ արդյունքի չեն վերածվում: Եթե համեմատենք կրթությունը Հայաստանում և արտերկրում, Ձեր կարծիքով՝ որո՞նք են տարբերությունները, ի՞նչ խնդիրներ կան մեր կրթական համակարգում: Հայաստանում կրթական համակարգը դաստիարակում է աշխատատեղ փնտրող, արտերկրում` աշխատատեղ ստեղծող: Մեզ մոտ դպրոցներում, համալսարաններում ուսանողները ստանում են որևէ նյութ և առաջադրանք՝ այն վերապատմել (անգիր անել), խնդիր, որը ունի հստակ լուծում, մինչդեռ արտերկրում ուսանողներին տրամադրում են գործիքակազմ, որի հիման վրա նրանք մշակում են սեփական պրոդուկտ: Ու այս ամենն այն պարագայում, երբ ստեղծարար, նորարար, գործարար մարդը մեզ համար դարեր ի վեր եղել է գերագույն արժեք: Քանի՞ հոգի է այսօր Հայաստանում համալսարան ավարտելիս առաջնային մտածում սեփական նորարար գաղափարի առաջխաղացման, այլ ոչ թե աշխատանք գտնելու մասին: Ցավոք, քչերը: Նույնիսկ աշխատատեղ փնտրող պատրաստելիս մեր կրթական համակարգը թերանում է: Հայաստանում բավականին զարգացած է կիրթ անձնավորության ինստիտուտը: Ծնողներն ամեն բան կանեն, որ երեխան լավ կրթություն ստանա: Ցավոք, մրցակցային շուկայում կիրթ լինելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Եվրոպական շատ երկրներում աշխատանքի շուկայի պայմանները և մրցակցային սկզբունքներն արտացոլվում են կրթական համակարգում: Վերջինս հնարավոր է սկսել նորմալ բաշխման սկզբունքով գնահատման համակարգից. 2 ուսանող է ստացել 100/100, գնահատականն է A, 3-րդ ուսանողը ստացել է 99/100, գնահատականն է B+` այսպիսով բացառելով մի իրավիճակ, երբ 15 ուսանող A է ստանում: Առաջին օրվանից ուսանողը կսովորի իր գիտելիքը գնահատել համեմատության մեջ և պատրաստ կլինի աշխատանքային շուկայի մրցակցության պայմաններին: Եթե խոսենք հասարակությունից, ինչպե՞ս կբնութագրեք մեր հասարակությանը՝ որպես հավաքական միավոր: Կա տնտեսագիտական մտքի հավերժ հակամարտություն Ադամ Սմիթի ու Նեշի միջև, որը, կարծում եմ, կարելի է կիրառել նաև հասարակությունների բնութագիրը տալու համար: Ադամ Սմիթն ասում էր՝ հասարակությունը կարող է հասնել առավելագույն արդյունքի, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ անում է այն, ինչ լավ է իր համար: Նեշը հակադարձեց՝ պնդելով, որ հասարակությունը կարող է առավելագույն արդյունքի հասնել, եթե յուրաքանչյուր անդամ անի այն, ինչ լավ է իր և միաժամանակ հասարակության համար: Երկար ժամանակ մեր հասարակությունն առօրյայում Սմիթյան մոդելով էր առաջնորդվում: Բայց հաշվի առնելով, որ այս մոդելով գործող ժողովուրդն ամեն դեպքում անցյալ տարի արեց հեղափոխություն, կա միտում, որ մենք քայլ առ քայլ փորձում ենք տրանսֆորմացվել Նեշյան հասարակության: Եվ այս պարագայում շատ կարևոր դեր պետք է խաղա օրենքի գերակայությունը: Առողջացման համար կարևոր է ախտորոշումը, ի՞նչ «դիագնոզ» կսահմանեք մեզ համար: Դիագնոստիկան ենթադրում է օրգանիզմի ընդհանուր ու համապարփակ հետազոտություն: Հասկանալ մեր բովանդակությունը, խնդիրները, թերացումները: Շատ դեպքերում, սակայն, մենք փորձում ենք ընդօրինակել այս կամ այն երկրի փորձը, զարգացման այս կամ այն մոդելը՝ մոռանալով նայել՝ ինչ է ընկած մեր ակունքներում: Այն երկրները, որոնք կարողանում են հասկանալ իրենց բովանդակությունը, դրա հիմքում ընկած արժեքները և գործիքները, կարողանում են կառուցել ճիշտ ինստիտուցիոնալ համակարգ և առաջարկել զարգացման մոդել, որն ըմբռնելի է լինում քաղաքացիների համար: Մեր դիագնոզը երևի հետևյալն է՝ մենք, տեղյակ չլինելով մեր բովանդակությունից, փորձում ենք գրքի նոր հատորներ գրել ուրիշ հեղինակների պատմվածքների հիման վրա: Եվ վերջում այս գիրքը ընթերցողների համար ըմբռնելի չի լինում, քանի որ մեր ակունքներից չի գալիս: Որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած մարտահրանվերները, ի՞նչ պետք է անել դրանք լուծելու համար: Ես հավատացած եմ, որ մեր զարգացման մոդելի հիմքում պետք է ընկած լինի նորարար, ստեղծարար, գործարար մարդը` որպես գերագույն արժեք: Նկատի ունեմ գործով արարող, նորը արարող, ստեղծագործ միտք ունեցող մարդը: Աշխարհի տարբեր երկրներում հաջողություններ են գրանցել արարող հայերը: Սաֆարյանը ստեղծել է մեքենայի ավտոմատ փոխանցման տուփը, Ղազանջյանը՝ մազեր չորացնելու սարքը, Սիմիջյանը՝ բանկոմատը: Այսօր, մեզ անհրաժեշտ է ազգային գաղափարախոսությունը կառուցել՝ այս տեսակի մարդուն կենտրոնում դնելով : Ամեն տեսակի տնտեսական, կրթական, սոցիալական քաղաքականությունների մշակումը, բարեփոխումների իրականացումը պետք է բխեն սրանից: Պետք է հասկանանք` նորարար, ստեղծարար, գործարար մարդուն այս կամ այն օրենսդրական փոփոխությամբ օգնու՞մ ենք առաջ գնալ, զարգանալ, թե՞ ոչ: Մյուս կողմից պետք է հասկանանք` որքանով է այս մարդն իրեն պաշտպանված և գնահատված զգում մեր երկրում: Վերջինս կարող ենք ապահովել միմիայն ուժեղ ինստիտուտների և օրենքի գերակայության պայմաններում: Անհատնե՞ր, թե՞ ինստիտուտներ, որ ուղղությամբ գնալ: Ինստիտուտներ և ինստիտուտների միջոցով ձևավորվող անձինք: 20-րդ դարի սկզբին՝ Կոնգոյի գաղութացումից հետո, բելգիացիներն իրենց հետ Կոնգո տարան երկու բան` բահ և զենք: Սկզբում որոշեցին տեղացիներին սովորեցնել հող մշակել, բայց որոշ ժամանակ հետո Կոնգոյի ժողովուրդը հասկացավ, որ իրենց ավելի հեշտ է զենքով հող խլել, քան տարիներով հող մշակել ու արժեք ստեղծել: Սա պատկերավոր օրինակ է, թե որքանով կարևոր են ուժեղ և գործող ինստիտուտները երկրի հաջողության բանաձևում: Պատկերացրեք նորարար, ստեղծարար, գործարար մարդուն ինստիտուտների բացակայության պայմաններում: Սկսում է նորարար արտադրություն, սակայն օրերից մի օր ինչ-որ մեկը գալիս է և խլում մարդու բիզնեսը՝ առանց որևէ իրավական հետևանքի: Սա է նաև եղել պատճառը, որ տարիների ընթացքում չենք կարողացել առաջ տանել «նորարար մարդ՝ որպես երկրի զարգացման գերագույն արժեք» հայեցակարգը: Այսօր ունենք այս ամենն անելու բացառիկ հնարավորություն: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ: Պետք է անել ամեն բան, որ գալիք սերունդը նույնիսկ չպատկերացնի՝ ինչ բան է կոռուպցիա, կաշառք, անգործություն, ինչպես այսօր չենք հասկանում, թե ինչ է վիդեո նվագարկիչը և ժապավենը: Մի տեղ լսել են, որ նման բաներ կային հեռու անցյալում, բայց չգիտեն գեթ մի հոգի, ով այսօր օգտագործում է: Վերջինս ապահովելու համար ինստիտուցիոնալ նախապայմաններ արդեն իսկ ունենք՝ Արմաթ ինժեներական լաբորատորիաներ, Թումո, EYP: Պետք է ընդամենը զարգացնել: Մի քանի օր առաջ խոսում էի 12-ամյա մի տղայի հետ, հարցրի, թե ինչո՞վ է զբաղվում ազատ ժամանակ, պատասխանեց «ռոբոտ եմ սարքում»: Մեր պարտավորությունն այն է, որ այն բոլոր թերացումները և բացասական երևույթները, որ եղել են մեր ժամանակներում, չթողնենք մյուս շրջան տեղափոխվեն, և որ «ռոբոտ սարքող» երեխան իրեն միշտ լավ և գնահատված զգա Հայաստանում: Ի՞նչ եք անում Դուք ամեն օր՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Ներգրավվածությունս հիմնականում երկու ուղղություններով է` կրթական և բիզնես միջավայրի (ներդրումների): 2012 թվականին գործարկեցինք EYP Armenia կրթական նախագիծը, որն ուղղված է ՀՀ ավագ դպրոցներում ոչ ֆորմալ կրթական գործիքներով քննադատական միտքը զարգացնելուն` հնարավորություն տալով հայ ուսուցիչներին և ուսանողներին մասնակցել եվրոպական երկրներում անցկացվող ֆորումներին, ինչպես նաև Հայաստանը դարձնել նման ֆորումներ հյուրընկալող երկիր: EYP-ի շրջանակներում Հայաստանում անցկացվել են 20 մեծ ֆորումներ, որոնց մասնակցել են ավելի քանի 2000 պատվիրակներ մոտ 85 երկրներից: 2014 թվականից դասավանդում եմ Հայաստանի երկու առաջատար համալսարաններում, ուսանողներիս մի մասը այսօր սովորում է արտերկրում, մյուսը մասը հիմնել է տարբեր start-up-ներ: Գիտելիքն արժեք չունի, եթե չես կարող այն փոխանցել մյուսներին: Գործարարության աջակցման գրասենյակի շրջանակներում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք փոքր ու միջին ձեռնարկությունների հետ, վերհանում եք վերջիններիս խնդիրները և կառավարության հետ համատեղ մշակում ՓՄՁ ոլորտին ուղղված բարեփոխումներ: Բացի այդ, մեկ տարի առաջ ընկերոջս հետ ստեղծեցինք Invest in Armenia ընկերությունը, որը զբաղվում է Հայաստան ներդրումներ բերելով և թիրախավորում պոտենցիալ ներդրողներին: Եվ, հաջողվո՞ւմ է ներդրումներ ներգրավել: Այո, վերջին մեկ տարում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը շատ է մեծացել: Ոլորտները տարբեր են՝ զբոսաշրջություն, վերամշակող արդյունաբերություն, առողջապահություն, ՏՏ: Ուրախալի է, որ Հայաստանում ներդրում անելու հարցով ոչ միայն մեր հայրենակիցներն են հետաքրքրվում, այլ նաև օտարերկրացիները: Բավական հաջողված դեպքեր ունենք: Իսկ մեր էջը դարձել է ամենօրյա դրական նորությունների աղբյուր: Ընդունված է, որ Տիգրան Մեծի թագավորության ժամանակահատվածը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի Ձեր կոնցեպտը: Տիգրան Մեծի կառավարման օրոք ունեցանք խաղաղ ու անցնցում տարիներ, որոնց ընթացքում գերակա էր օրենքը, արժևորվում էր ստեղծարար մարդը: Վերջին 30 տարվա ընթացքում երևի դժվար կլինի գոնե հինգ տարի գտնել, երբ մենք որևէ ցնցում չենք ունեցել: Կարծում եմ՝ եթե այս նույն մոդելը հնարավոր լինի պրոյեկտել այսօր, այսինքն՝ մեզ տրվի 40 անցնցում տարի՝ տնտեսություն կառուցելու համար, որտեղ արժևորվում է գործարար, ստեղծարար ու նորարար մարդը, մենք կունենանք ինստիտուցիոնալ ուժեղ և կայուն երկիր: Ինչ խորհուրդ կտաք լսել կամ դիտել այս զրույցը կարդալուց հետո: Համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը: Ընտիր նկարագրվում է հայի հավաքական կերպարը, մարդկային կյանքի գինը, ընտանիքի ամրությունը և անձնվեր գործի և սիրո արժեքը: Երեք մարդկանց կյանքի պատմություններ, որոնց մեջ յուրաքանչյուրս կարող ենք մեզ գտնել: Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
12-05-2019 00:52