Պետք է ուղղակի խելագար լինել սա չհասկանալու համար. Ռուբեն Ռուբինյան

13-05-2019 00:08

«Պարզապես պարոն Փաշինյանը զգուցացրեց, որ դա անթույլատրելի է, եթե որևէ մեկի մտքով այդպիսի բան անցնի, նա ոչ թե թուլացնում է Հայաստանի ու Արցախի միջև զարգացող դրական համագործակցությունը, այլ նաև փորձ կլինի թուլացնել մեր անվտանգության միասնական համակարգը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ: Ըստ Քոչարյանի՝ նման միտումներ եթե լինեն, Արցախի ազգաբնակչությունը բնօրրանում կխեղդի: Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին՝ Քոչարյանն ասաց․ «Պարոն Բալասանյանը հանդիսանում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը: Անվտանգություն բառն ասում է ամեն ինչ, գործողություններ, որոնք կթուլացնեն այդ անվտանգությունն անթույլատրելի է: Եվ իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը»: Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինայնն էլ ասաց, որ իրականում ամեն ինչ շատ պարզ է՝ ՀՀ և Արցախի ժողովուրդները նույնկերպ են մտածում, ունեն նույն նպատակները և նույն տրամաբանության մեջ են: Եվ չկա որևէ գործիչ կամ ուժ, որը կարող է այս իրողությունը փոխել: Բնականաբար, Արցախում սպասվում են ընտրություններ, դա կարող է ազդել տարբեր մարդկանց հայտարարությունների տրամաբանության վրա: «Բայց այստեղ մտահոգվելու ոչ մի առիթ չկա: Ես պետք է այստեղ կրկնեմ վարչապետի խոսքերը՝ հակահեղափոխության կենտրոն դարձնելու բոլոր փորձերը կվերջանան հեղափոխությամբ: Պետք է ուղղակի խելագար լինել սա չհասկանալու համար: Իսկ ես չեմ կարծում, որ Հայաստանում կամ Արցախում խելագարներ կան»,- ասաց Ռուբինյանը:

Lragir.am,
13-05-2019 00:08