Վիզաների ազատականացում, Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում. ԱԳ նախարարի ճեպազրույցը

15-05-2019 10:11

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո Հարց. Առաջին հարցը. ըստ էության պարզ դարձավ, որ Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ ձախողվել է ընդունել երեք հռչակագիր և անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ նրանք ցանկանում էին, ինչպես այսօր բացահայտեց պարոն Մամեդյարովը, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ևս ներառված լինի փաստաթղթում: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այս քայլը: Զոհրաբ Մնացականյան. Գիտեք ինչպես, մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի նշեինք Արևելյան գործընկերության տասնամյակը, և իրականում ինձ թվում է, որ ստացվեց բավական հաջող միջոցառում, այս տասը տարվա գործողությունների, ինչպես նաև համագործակցության բավական հաջող ամփոփում. հնարավորություն եղավ ուրվագծել այն, ինչ կլինի հաջորդ փուլի համար: Այստեղ տեղի ունեցան Արևելյան գործընկերության ամենաբարձր մակարդակով ներկայացված վեց գործընկերների պատվիրակությունների բավական հետաքրքիր և կարևոր քննարկումներ, քննարկվեցին, գնահատվեցին բոլոր մարտահրավերները, մոտեցումները: Այդ առումով ինձ թվում է, որ բավական հաջող գործընթաց էր, հաջող միջոցառում: Մենք ունենք մեր օրակարգը` Եվրամիության հետ աշխատելով երկկողմ մակարդակով, և ունենք բավական լուրջ, բավական հարուստ օրակարգ: Արևելյան գործընկերությունը եղել և մնում է շատ կարևոր հարթակ, որտեղ մենք համալրում ենք այն, ինչ անում ենք երկկողմ մակարդակով: Եվ այդ առումով մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից: Ինչ վերաբերում է ամփոփմանը, ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, արտահայտում է մեր մոտեցումները: Հարց․ Պարոն Մնացականյան, այսինքն, հռչակագիր էր ի սկզբանե նախատեսված, ընդունվեց հայտարարություն, և պատճառը այն էր, որ Ադրբեջանը պահանջում էր, որ տարածքային ամբողջականությունը պահպանվի, թե Հայաստա՞նն էր դեմ արտահայտվում որևէ կետի : Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, մենք ունենք ամփոփում մեր 10 տարվա գործունեության, որն արտահայտվել է տիկին Մոգերինիի հայտարարության միջոցով: Մնացածը գործընթաց էր: Հարց․ Իսկ ծանո՞թ եք, արդյոք իրենց համաձայնագրում Եվրամիությունը և Ադրբեջանը բառընտրության առումով իրենց հայտարարությունները, Ղարաբաղի հետ կապված ձևակերպումները ինչքանո՞վ են համահունչ և բաղդատելի այն ձևակերպումներին, որ կան մեր համաձայնագրում: Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, որ մենք ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն: Եվրամիությունը և Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են: Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, և այստեղ, ինձ թվում է, Եվրամիության համար բավական կարևոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային և հետևողական իրենց դիրքորոշումների մեջ: Այդ առումով, նորից կրկնեմ, մենք ունենք մեր պայմանագրային դաշտը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի իր արտահայտությունը: Հույսով եմ և վստահ, որ Եվրամիությունը ունի հետևողականությունը պահպանելու սկզբունքներ: Հարց․ Պարոն Մնացականյան Հայաստանը որևէ կոնկրետ վերապահում ներկայացրե՞լ է Եվրամիությանը՝ Ադրբեջանի հետ հնարավոր գործընկերության հետ կապված: Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, մենք երրորդ կողմ ենք այս բանակցություններում, և հարցն առաջին հերթին վերաբերում է Եվրամիության հետևողականությանը: Հարց․ Պարոն Մնացականյան, Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ եք: Զոհրաբ Մնացականյան․ Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո: Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ: Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք: Հարց․ Ղեկավարների հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվու՞մ է առաջիկայում: Զոհրաբ Մնացականյան․ Մի փոքր էլ համբերենք: Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել: Սսկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք: Հարց․ Արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու: Զոհրաբ Մնացականյան․ Ակնկալվում է: Բայց սխալ կլինի որևէ բան ասել: Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ: Հարց․ Պարոն նախարար, Մամեդյարովն այսօր նորից պնդեց, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային կողմին, որովհետև ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում: Զոհրաբ Մնացականյան․ Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք: Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը  լրջորեն տուժում է: Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական: Հարց․ Պարոն նախարար, Հայաստանում հնչում են քննադատություններ, թե ինչու վարչապետը մասնակցեց միայն պաշտոնական ընթրիքին և ոչ այսօրվա բարձր մակարդակի կոնֆերանսին: Ձեր կարծիքով հիմք ունե՞ն այդ քննադատությունները: Զոհրաբ Մնացականյան․ Գիտեք, որ վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր ղեկավարներ տարբեր մակարդակներով: Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր: Ի դեպ, նորից կրկնեմ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված: Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել  հյուրընկալող կողմի հետ: Այս ամենը նորմալ է: Այսինքն կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես: Հարց. Դոնալդ Տուսկը  երեկ՝ ընթրիքի ժամանակ իր ելույթում, որպես դրամատիկ պահ հիշատակեց Վիլնյուսի գագաթնաժողովը, որտեղ Ուկրաինան հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից: Ինձ հետաքրքրում է Դուք, ով բանակցողն է եղել Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, հիմա՝ իշխանափոխությունից հետո, արդյոք անհրաժեշտություն տեսնու՞մ եք վերադառնալու այդ փաստաթղթին, որն այն ժամանակ օրակարգից դուրս դրվեց: Զոհրաբ Մնացականյան. Ի դեպ, ներկա էիք այսօրվա տեղի ունեցած այդ քննարկումներին. դրանք շատ հետաքրքիր էին այդ առումով: Դիվերսիֆիկացված համագործակցության այդ մոտեցումը՝ միասնություն բազմազանության մեջ, որովհետև նորից կրկնեմ, որ մեր քաղաքականությունը կառուցում ենք՝ մեր շահերից ելնելով: Թե այժմ ինչ գնահատականներ տանք հետագա փուլի համար, մենք առաջնորդվում ենք առաջին հերթին մեր շահերով: Մենք այժմ հնարավորություն ենք ստացել իրապես ունենալ մեկ կարևոր պայմանագիր ԵՄ հետ, որտեղ համագործակցությունը ընդլայնելու ծավալը բավական մեծ է: Հատկապես, պայմանագրում ունենալ ոլորտային այդ ամբողջ, հսկայական ծավալը և կառուցել աշխատանքները, որ հիմա տեղի են ունենում ճանապարհային քարտեզի վերջնականացման միջոցով՝ դրա մեջ ներգրավել ով ամբողջ մեր պետական համակարգը, քաղհասարակությանը, գործարար շրջանակներին: Այդ ամենը ծառայեցնում ենք մեր զարգացման օրակարգին, մեր կարողությունների ամրապնդմանը. այդ գործիքը մեր ձեռքերում է, և մենք մտադրված ենք լավագույնս դա օգտագործել: Մյուս կողմից մենք ունենք հնարավորություն այսօր աշխատել 200 միլիոնանոց շուկայում և նույնպես օգտվել վերջինիս ընձեռած առավելություններից: Եթե մինչև հիմա դա հաջողվել է համադրել, ուրեմն պետք է փորձենք շարունակել: Հարց. Հնին չե՞նք վերադառնում: Զոհրաբ Մնացականյան. Ներկայումս ես նման հարց չեմ տեսնում, թե ինչպես մենք կարող ենք ամբողջը խառնել և զրոյից սկսել: Հարց. Պարոն Մնացականյան, այս երկու օրը Ձեր հանդիպումների ժամանակ վիզաների ազատականացման հարցին անդրադարձե՞լ եք: Զոհրաբ Մնացականյան. Սա մեզ համար շատ կարևոր, շատ սկզբունքային հարց է: Նորից լսեցիք՝ քննարկման ժամանակ մենք նորից անդրադարձանք, որովհետև այն, ինչ մենք անում ենք մեր երկրի համար, այն, ինչ մենք անվանում ենք արժեքներ և կառուցում ենք մեր երկիրը, և Թավշյա հեղափոխության պատգամը, որը վերաբերում է արժեքներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմաններին, դա մեր ընտրությունն է: Դա աշխարհաքաղաքականությունից դուրս ընտրություն է, և մեր ազգային շահից բխող, ժողովրդի կողմից ընտրված մոդել է: Ամեն ինչ վերաբերում է մարդուն, քաղաքացուն, սա վերաբերում է մեզ, մեր երկրին և մեր գործընկերների հետ՝ ներառյալ Եվրամիության շրջանակներում մեր համագործակցությանը: Ազգային շփումները սկզբունքային, կարևորագույն հարց են, վիզաների ազատականացումը ոչ միակ, բայց այն կարևորագույն գործիքն է,  որը հնարավորություն է տալիս մեզ ամրապնդելու այն, ինչ կոչվում է մարդկային շփում: Սա չափազանց կարևոր հարց է մեզ համար: Սա միակ գործիքը չէ, որովհետև մենք ուշադրություն ենք դարձնում և փորձում ենք զարգացնել բոլոր մյուս հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթական, մշակութային, գիտական, գործարար և այլ շրջանակներում այդ շփումներին, այս մայրցամաքում մեր քաղաքացիներին իրենց գործընկերների հետ մերձեցնելուն, հնարավորություններն ընդլայնելուն: Այս առումով վիզաների ազատականացումը մեծ նշանակություն ունի, ինչը շատ սկզբունքային հարց է մեզ համար: Խոսել եմ դրա մասին, որ կան տարբեր նկատառումներ, տարբեր հարցեր, որոնք վերաբերում են միգրացիայի հանդեպ վերաբերմունքին և քաղաքականությանը: Մեզ համար սա բավարար խոչընդոտ չէ, մենք չենք կարող դա ընդունել և ասել՝ շատ լավ, հարցը փակվեց: Իհարկե չփակվեց, և մենք շարունակելու ենք շատ հետևողականորեն տանել առաջ այն, որովհետև պնդում ենք, որ յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, ըստ իր կարողությունների: Մենք շատ զգայուն ենք և որևէ կերպ չենք գործելու այնպես, որպեսզի ստեղծենք նման հնարավորության՝ ազատականացված ռեժիմի չարաշահում: Մենք չենք քաջալերում որևէ բան, որը բերելու է խնդիրների: Հիմա մեզ ասում են, որ կան մյուս երկրները, որոնք օգտվում են ազատականացված ռեժիմից և չարաշահում են. մեզ համար դա բավարար փաստարկ չէ: Մենք ուզում ենք գնահատված լինել մեր արժանիքների, մեր կարողությունների համաձայն, և այդ առումով է, որ մեր բոլոր փորձագետները, մեր բոլոր համապատասխան գերատեսչությունները, որոնք առնչություն ունեն միգրացիայի հետ, շփման մեջ են եվրոպական համապատասխան փորձագետների հետ գնահատելու համար՝ որքանով ենք մեր կարողությունները զարգացած, որքանով են նրանք համապատասխանում չափանիշների, որպեսզի մենք կարողանանք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը: Հարց. Արդյոք ազատականացման որևէ հստակ ամսաթիվ կարող եք նշել: Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար սա յուրաքանչյուր պահի հարց է: Մեզ համար սա չափազանց մեծ գերակայություն է: Եվ թե երբ կլինի՝ չեմ կարող ասել: Սա մեր օրակարգի կարևոր կետերից է: Սա շարունակական է: Նորից եմ կրկնում՝ ամենակարևորն այն է, որ մենք առիթ ունենանք գնահատելու՝ որքանով են մեր կարողությունները բավարար, որպեսզի մենք դա սկսենք: Մենք վստահ ենք, որ բավարար առաջխաղացում ունենք այդ հարցում և այժմ, համադրելով այս ամենը և առաջ մղելով մեր օրակարգը, պետք է փորձենք արագացնել այս ամենը: Մեզ համար, նորից եմ կրկնում սա շատ սկզբունքային հարց է:

Lragir.am,
15-05-2019 10:11