Քոչարյանին կալանավորելու ժամանակ ներկայացվել է միայն Փաշինյանի խորհրդականի ցուցմունքը. Հայկ Ալումյան

15-05-2019 17:41

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը այսօր դատարանում հատվածներ հրապարակեց զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներից: Նա ասաց, որ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատական նիստերի ժամանակ, բացի գեներալ-մայոր, ներկայումս Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքից, այլ վկաների ցուցմունքներ չեն ներկայացվել: Նա մեջբերեց հատված Արշակ Կարապետյանի ցուցմունքից. «Իմ հիշելով՝ 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Եթե չեմ սխալվում, մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարության դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն էր անցկացրել ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ: Ուժային անձնակազմի դուրս գալուց հետո, ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Քոչարյանի հետ սենյակում էր նաև նախագահի հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում: Բառացի դժվար թե կարողանամ մտաբերել»: Ըստ Արշակ Կարապետյանի ցուցմունքի՝ խորհրդակցության ժամանակ խոսք է գնացել պաշտպանության այն ժամանակվա փոխնախարար Մանվել Գրիգորյանի և նրա ղեկավարած ԵԿՄ մասին: Մասնավորապես, այն մասին, որ Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ այլ անդամներ միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժին: «Խոսք գնաց նաև ԵԿՄ-ի անդամների ու Մանվել Գրիգորյանի զինված լինելու մասին, ինչն իրենից վտանգ էր ներկայացնում: Նախագահը հետաքրքրվեց Միքայել Հարությունյանից՝ որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, իսկ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել կեցվածքով ոտքի կանգնեց ու ասաց՝ չգիտեմ: Նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ժամը 00-ից հայտարարվում է արտակարգ դրություն»,- նշվում է ցուցմունքում: Իսկ Սերժ Սարգսյանը, ըստ ցուցմունքի, առաջարկել է ստեղծել զինվորական վարչակազմ՝ այն ժամանակ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի նախագահությամբ: Խորհրդակցությունից հետո որոշ սպաների մոտ դժգոհություն է առաջացել, թե՝ ինչո՞ւ պետք  է ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններին մեջ: Արշակ Կարապետյանի ցուցմունքից մեկ այլ հատված էլ հրապարակեց Ալումյանը. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, չնայած Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերում արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին: Այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՊՆ Միքայել Հարությունյանը կատարել էր»: Մարտի 1-ի գործով վկա, պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի ցուցմունքում էլ նշվում է. «Կոնկրետ օրը չեմ հիշում, փետրվարի 20-ից հետո էր, խորհրդարկցությունն անցկացնում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանն, իմ հիշելով, Միքայել Հարությունյանին հարցրեց, թե որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը: Նա ի պատասխան ասեց, որ տեղյակ չէ: Դրանից հետո Քոչարյանը նրան կշտամբեց իրավիճակին չտիրապետելու համար: Այնուհետև հիշում եմ, որ խորհրդակցության ժամանակ նախագահը մտահոգություն հայտենց առ այն, որ ԵԿՄ-ն Մանվել Գրգորյանի ղեկավարությամբ ցանկանում է անցնել ընդդիմության կողմը: Եվ խնդիր դրեց, որ եթե որևէ մեկը ցանկանում է մնալ ԵԿՄ կազմում, ապա պետք է թողնի պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ներկաներից շատերն էին ԵԿՄ անդամ»: Հայկ Ալումյանի խոսքով՝ այս ցուցմունքը հստակ ասում է այն, ինչ փաստաբաններն ամիսներ շարունակ պնդում են, որ բանակի սպաներին փորձել են ներգրավել քաղաքական հարցերի մեջ, ինչը ամենաաղետալի սցենարը կլիներ: Ալիկ Միրզաբեկյանն այն ժամանակ պաշտպանության փոխնախարարն էր: Իր ցուցմունքում ասել է, որ չի հիշում՝ Քոչարյանը արտակարգ դրության մասին հանձնարարություն տվել է, թե ոչ: «Պատկերացնո՞ւմ եք, եթե նման հանձնարարություն լիներ ու պաշտպանության նախարարը չհիշեր»,- հարցադրում արեց Ալումյանը: Փաստաբանը նաև հատված ներկայացրեց այն ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, ներկայումս գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի ցուցմունքից: Նա նույնպես պնդել, որ խորհրդակցություն է հրավիրվել: «Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պաշտպանության նախարարի տեղակալներ Մավել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Նախագահ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա և նրան ասել՝ թե այդ ի՞նչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի: Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերը հավաքի ու… Ընդհանուր խորհրդակցության իմաստը, իմ պատկերացմամբ, կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ ողջ Զինված ուժերի անձնակազմն անմիջապես իրենից լսի, թե ինչպես են պատժվելու այն զինվորակնները, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին»,- նշված է Մովսես Հակոբյանի ցուցմունքում: Հայկ Ալումյանը հավելեց. «Այս ցուցմունքները գործի մեջ կային, բայց դատարանները, որոնք քննում էին պարոն Քոչարյանի կալանավորման հարցը, այս ցուցունքները չունեին»:

Lragir.am,
15-05-2019 17:41