Ինչու է պակասել գյուղատնտեսության արտադրության ծավալը

15-05-2019 18:37

Գյուղատնտեսության արտադրության ծավալը 2019թ. առաջին եռամսյակի ցուցանիշներում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.2 %-ով: Որոշ վերլուծաբաններ այդ տեմպը կասկածելի են համարում նշելով, որ այս տարվա  առաջին եռամսյակում գյուղատնտեսության ծավալը կազմել է 74 մլրդ դրամ, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 80 մլրդ դրամ,  անգամ սպառողական ու պարենային ապրանքների գնաճի պայմաններում: «Արմենպրես»-ը հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանին: «Գյուղատնտեսության արտադրության ծավալի ինդեքսները ստացվում են ոչ թե տարբեր ժամանակաշրջանների սպառողական ապրանքների գներով համադրելիություն ապահովելու ճանապարհով, այլ նույն ժամանակաշրջանի գյուղատնտեսական արտադրանքն արտադրողների իրացման գներով համադրելիություն ապահովելով»,- հայտնել է Ավագյանը: Նա նշել է, որ 2019թ. առաջին եռամսյակում ընթացիկ գներով 74821 մլն դրամը, հաշվարկված 2018թ. առաջին եռամսյակի գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գներով, կազմել է 79236 մլն դրամ, ինչը հարաբերելով 2018թ. առաջին եռամսյակի գյուղատնտեսության արտադրության ծավալին՝ 79406 մլն դրամ, որը ճշգրտվել է (անասնաբուծական արտադրանքի մասով 01.01.2018թ. և 01.01.2019թ. գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման վերջնական տվյալների հիման վրա) նախկինում հրապարակված 80354 մլն դրամի փոխարեն, այդ ժամանակաշրջանի գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գներով ստացվել է 0.2 % նվազումը (79236 / 79406 * 100):

Lragir.am,
15-05-2019 18:37