Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգին

15-05-2019 20:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ: Լի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք ուղղություններով: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերը, դրանցում կարևորելով հատկապես «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը: Նա նշել, որ հանդիպում է ունեցել նաև Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») ղեկավարության հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով և ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» իրականացվելիք շինարարության աշխատանքներում: Նախարարը ընդգծել է «Հյուսիս-հարավի» ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի համար, ինչպես նաև՝ այն որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի մի մաս դիտարկելու կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների հարցին, Հայաստանի տարածքով դեպի Չինաստան միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների թույլտվությունների ազատականացման խնդրին, երկու երկրների միջև բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համապատասխան համաձայնագիր ունենալու անհրաժեշտությանը: Քննարկվել են նաև մեր երկրի ճանապարհաշինական ծրագրերում չինական կազմակերպությունների ընգդրկվելու հնարավորությունները: Կողմերը, դրական գնահատելով հանդիպման արդյունավետությունը, նշել են, որ այն կնպաստի երկու երկրների նախարարությունների միջև գործունեության ակտիվացմանը, գործակցային կապերի ամրապնդմանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Lragir.am,
15-05-2019 20:09