Նորարար գյուղատնտեսություն՝ սեփական ձեռքերով. ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել

15-05-2019 20:16

Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավեցման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, ցածր ինքնարժեք ունեցող, սակայն մեծ պահանջարկ վայելող գյուղմթերք է արտադրում: Այդ նորարարություններին ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանն այսօր փորձագետ Հարություն Մնացականյանի հետ այցելել էր Սիփանիկ համայնք: Նրանք շրջել են ջերմատանը, զրուցել ֆերմերի հետ: Այժմ ջերմատան ընդհանուր մակերեսը 1000 քմ է, որից 500 մ-ի վրա ֆերմերը լոլիկ է աճեցնում, իսկ մյուս հատվածում՝ վարունգ, մեկ քմ-ից մոտ 40 կգ լոլիկ և 50 կգ վարունգ է ստանում: «Ես արդեն հարմարվել եմ Հայաստանի պայմաններին, որ քիչ ֆինանսներով կարելի է շատ գործ անել»,- պատմում է  նա: Ցրտից պաշտպանելու հատուկ համակարգի շնորհիվ էականորեն կրճատել է ջեռուցման ծախսերը, իր խոսքով՝ օրական 15 000 դրամի փոխարեն ընդամենը 3000 դրամ  գազի վճար է մուծում:  Ամռան շոգն Արտակի ջերմոցին նույնպես վնաս չէ: Իր ստեղծած խոնավեցման համակարգի միջոցով, որը գետնի տակից սառը ջուրը քաշում է և փչում ջերմոցի վրա՝ մոտ 10 աստիճանով կարողանում է սառեցնել  օդը: Հրաժարվել է թունաքիմիկատներից, թռչող վնասատուների դեմ պայքարի իր միջոցն է գտել՝ սովորական էլ. լամպով փոքրիկ ինքնաշեն սարքը դեպի իրեն է գրավում թիթեռներին ու միջատներին, իսկ օդափոխության համակարգի միջոցով դրանք հավաքվում են  ցանցի մեջ:   Եթե 100 քմ վրա մեկ հատ նման սարք տեղադրվի, ապա պայքարի այլ միջոցների կիրառության անհրաժեշտություն չի լինի՝ վստահ է ջերմոցատերը: Վնասատուների դեմ պայքարի մեկ այլ միջոց է ստերիլ գոմաղբի օգտագործումը: Ջերմոցում կաթիլային ոռոգման համակարգ  է ներդրել,  վստահեցնում է՝ շուրջ 5 անգամ խնայողություն է ունենում, խնայում է նաև ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը. այգին ոռոգելիս լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չկա՝ պարզապես բացում է ջրի ծորակն ու անցնում այլ գործերի: Ֆերմերը շուտով պատրաստվում է բերքահավաքի: Բերքի իրացման խնդիրներ չունի, որակը բարձր է, պահանջարկը՝ մեծ: Եթե նախորդ տարի ուրիշ ֆերմերների վարունգը 20 դրամով էին մթերում,  իր աճեցրածն իրացրել է  100-120 դրամով, իսկ լոլիկի ինքնարժեքը ձմռանը կազմում է ընդամենը 100 դրամ: Հետագայում Արտակ Ղարանլղցյանը նախատեսում է ջերմոցը վերածել օրինակելի ջերմատնային տնտեսության: «Ուրախ եմ, որ մեր երկրում ապրում են նման քաղաքացիներ, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Ձեզ նման ֆերմերները հասնեն հաջողության: Հուսով եմ, որ այս ջերմոցը մի քանի տարի անց օրինակելի տնտեսություն կդառնա և վստահ եմ, որ Ձեր գաղափարները կհետաքրքրեն և կոգեշնչեն մյուս  ֆերմերներին ևս», – նրա հետ զրույցում նշել է Արտակ Քամալյանը:

Lragir.am,
15-05-2019 20:16