ՍԾՏՀ կենտրոնակայանում ներկայացվել է Հայաստանում ստեղծված Travelinsights զբոսաշրջային նորարական գործիքը

15-05-2019 20:10

Սևծովյան տնտեսական համագորակցությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպության կենտրոնակայանում անցկացված ՍԾՏՀԿ զբոսաշրջության ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում մայիսի 15-ին ներկայացրել է Հայաստանում մշակված Travelinsights նորարական գործիքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: «Travelinsights-ը միավորում է ճանապարհորդների պատմություններն ու արհեստական բանականությունը՝ կիրառելով բարդ ալգորիթմներ: Գործիքը թույլ է տալիս իրական ժամանակում հավաքել, վերլուծել ու վիզուալիզացնել առցանց գրառումները՝ այդ կերպ թույլ տալով հասկանալ ճանապարհորդների նախընտրություններն ու իրական խնդիրները, որոնց նրանք բախվում են: Գործիքը ստեղծվել է ոլորտի քաղաքականությունը մշակողների համար` իրական ժամանակում վերլուծվող փաստերի հիման վրա: Վերջինիս օգնությամբ ՀՀ կառավարությունը կարող է հասկանալ, թե զբոսաշրջիկները Հայաստանի` որպես զբոսաշրջային կենտրոնի մասին ինչ պատկերացումներ ունեն և մշակել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն: Շնորհանդեսի ավարտին ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը պատասխանեց կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի մարմինների և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հարցերին: Նա, մասնավորապես, նշեց, որ Travelinsights նորարական գործիքը նաև կարող է օգնել բացահայտել ճանապարհորդական լավագույն տպավորություններ ստեղծելու կատարյալ բանաձևը` թույլ տալով ոլորտի գործարարներին հասկանալ սեփական ծառայությունները բարելավելու եղանակները: Հարկ է նշել, որ հիշյալ գործիքը ստեղծվել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից, որը նպատակ ունի տարածել նորարարության և փորձարկումների մշակույթը՝ հանուն կայուն զարգացման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
15-05-2019 20:10