ԱՄՆ ցույց է տվել Հայաստանի տեղը. դեսպանը բացել է խաղաքարտերը

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունը փոխադարձ այցերի քանակով չէ, որ գնահատվում է: Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը կարճ ժամանակ է, ինչ սկսել է իր աշխատանքը Հայաստանում: Լին Թրեյսիին ուղղված հարցն ըստ երեւույթին պայմանավորված է եղել հայկական մամուլում տարածված տեղեկատվությամբ, որտեղ խոսվում է հայ-ամերիկյան հարաբերության խնդիրների, փոխադարձ դժգոհության մասին, որ եղել է ընդհուպ դեսպանի եւ վարչապետի հանդիպմանը: Հայաստանի տեղեկատվական դաշտում արտաքին հարաբերությունների միջավայրի գնահատականը գերակշռող մեծամասնությամբ թելադրվում է նախկին համակարգին առնչվող շրջանակների շարժառիթներով, ինչի հետեւանք էին պարբերաբար հրապարակվող տեղեկությունները բոլոր ուղղություններով հարաբերության խնդիրների մասին, անանուն աղբյուրներին հղումներով: Որպես կանոն, իրական զարգացումները խոսում են հակառակի մասին, դրսեւորելով թավշյա հեղափոխության արտաքին կապիտալիզացիայի անշուշտ բարդ եւ ամենեւին ոչ անհարթ, սակայն կայուն ընթացքը: ԱՄՆ դեսպանի պատասխանը լրագրողներին հայ-ամերիկյան հարաբերության խորքային յուրօրինակ «լիկբեզ» է, բայց ոչ այնքան լրագրողական, որքան փորձագիտական հանրության համար, կամ գուցե յուրօրինակ ուղեցույց, թե ինչպես է պետք չափել հայ-ամերիկյան հարաբերությունը: Ունեցել եմ այդ հարցին անդրադառնալու բազմաթիվ առիթներ, մի շարք անդրադարձեր են հրապարակվել Lragir.am-ում: Այստեղ հայեցակարգային վերագնահատումների հարցը խթանվել է մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, որի արդյունքում հայկական բանակը ռեգիոնում ձեւավորեց փաստացի բոլորովին այլ ռազմա-քաղաքական հավասարակշռություն, եւ առավել եւս թավշյա հեղափոխությունից հետո, որի արդյունքում Հայաստանը սկսել է առավել լայն մերձռեգիոնալ մասշտաբներով նոր ռազմա-քաղաքական իրողությունների եւ հավասարակշռության ձեւավորման գործընթացի խթանում: Այդ համատեքստում, հայ-ամերիկյան հարաբերությունն առերեւույթ հայտնվում է ճգնաժամում, փոքրանում մակերեւույթի վրա, սակայն բուն խնդիրն այն է, որ այդ հարաբերությունը իջնում է ավելի խորը եւ գործնականում մոտենում արմատին, ինչը թելադրում է նաեւ աշխարհաքաղաքական նոր իրավիճակը: Ի դեպ, այդ հանգամանքները դեսպանը նրբորեն շոշափում է նաեւ հայ-ամերիկյան առեւտրի պալատում ունեցած իր ելույթի ընթացքում, որտեղ խոսում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության աշխատանքային առաջին նիստի մասին, եւ միաժամանակ անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերության 25-ամյա պատմության խորքային համատեքստին: Ռուսաստանի հետ հարաբերությունը չի կարող Հայաստանին հետ պահել եւ հետ չի պահում ԱՄՆ-ի հետ հարաբերության սերտացումից, այդ ելույթում հայտարարել է դեսպանը, նշելով, որ Հայաստանն արտաքին քաղաքական գերակայությամբ դեպի Ռուսաստան է, իսկ արժեհամակարգային գերակայությամբ Հայաստանն Արեւմուտքում է: Այլ կերպ ասած, Հայաստանը խորքում Արեւմուտքում է՝ արձանագրում է դեսպանը, միաժամանակ փաստելով, որ Հայաստանի առաջ կա խնդիրը ոչ թե Ռուսաստանից անցնել Արեւմուտք, այլ հենց Հայաստանում վերադառնալ համաշխարհային պատմության համատեքստում հայ ժողովրդի քաղաքակրթական արմատին: Աշխարհում եւ մերձակա ռեգիոններում տեղի ունեցող վերափոխումների պայմաններում այստեղ են լուծումները՝ Հայաստանի համաշխարհային տեղի եւ դերի հետ կապված, եւ ոչ թե Հյուսիս, Հարավ, Արեւելք կամ Արեւմուտք վեկտորալ «թափառումներում»: Դրանք էապես նեղացնում են Հայաստանի տեսադաշտը եւ բացում նենգափոխումների կամ թյուրընկալումների մի մեծ դաշտ: Մինչդեռ, Հայաստանն ունի իր տեղը, տեղ փնտրելու, տեղ փոխելու խնդիր չկա, այլ կա այդ տեղում իրեն գտնելու խնդիր, փաստացի արձանագրում է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Գտնելով իր տեղում իրեն, Հայաստանը կկարողանա գտնել արդեն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ իր բազմազան եւ բազմաբնույթ փոխհարաբերության արդյունավետ բանաձեւերը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
15-05-2019 20:35