ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի նախարարներն անհրաժեշտ են համարել բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համաձայնագրի կնքումը

15-05-2019 21:03

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ: Լի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք ուղղություններով: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերը, դրանցում կարևորելով հատկապես «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը: Նա նշել է, որ հանդիպել է նաև Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») ղեկավարության հետ, որը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով և ցանկություն ունի ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» իրականացվելիք շինարարության աշխատանքներում: Նախարարը ընդգծել է «Հյուսիս-հարավի» ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի համար, ինչպես նաև՝ այն որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մի մաս դիտարկելու կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների հարցին, Հայաստանի տարածքով դեպի Չինաստան միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների թույլտվությունների ազատականացման խնդրին, երկու երկրների միջև բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համապատասխան համաձայնագիր ունենալու անհրաժեշտությանը: Քննարկվել են նաև մեր երկրի ճանապարհաշինական ծրագրերում չինական կազմակերպությունների ընգդրկվելու հնարավորությունները: Կողմերը, դրական գնահատելով հանդիպման արդյունավետությունը, նշել են, որ այն կնպաստի երկու երկրների նախարարությունների միջև գործունեության ակտիվացմանը, գործակցային կապերի ամրապնդմանը:

Lragir.am,
15-05-2019 21:03