ՀՀ ոստիկանությունում կնշանակվի Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատու

15-05-2019 22:27

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ժամանել  է  Նիդերլանդների Թագավորություն: Նույն օրը ՀՀ ոստիկանության պետը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորել է առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Այս համատեքստում նա կարևորել է տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը: Կողմերը քննարկել են Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում:

Lragir.am,
15-05-2019 22:27