Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում Է դեմենցիայի վտանգը. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

15-05-2019 23:58

Մարդիկ ի վիճակի են նվազեցնելու դեմենցիայի վտանգը. դրա համար անհրաժեշտ Է ակտիվ ապրելակերպ վարել եւ հրաժարվել վնասակար սովորություններից, մասնավորապես, ծխելուց եւ ալկոհոլի չարաշահումից: Հարկ Է նաեւ թույլ չտալ մարմնի զանգվածի չափից դուրս մեծացում, կիրառել առողջ սննդակարգ, վերահսկել արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի պարունակությունը. այս հանձնարարականներով Ժնեւում հանդես Է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սպասվում Է, որ առաջիկա 30 տարում դեմենցիայով հիվանդ մարդկանց թիվը եռապատիկ կաճի: Մենք պետք Է հնարավորինս ամեն ինչ անենք վտանգի նվազեցման համար»,- հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Նա ընդգծել Է, որ հանձնարարականների պատրաստման ընթացքում ստացված գիտական տվյալները հաստատել են ավելի վաղ մասնագետների հայտնած ենթադրությունը. այն, ինչ լավ Է սրտի համար, լավ Է նաեւ ուղեղի համար: Ռիսկի պոտենցիալ գործոնների թվում, բացի թույլ ֆիզիկական ակտիվությունից, վնասակար սովորություններից եւ չհավասարակշռված սննդից, մտնում են նաեւ դեպրեսիան, կրթության ցածր մակարդակը, սոցիալական մեկուսացումը եւ ճանաչողական ակտիվության բացակայությունը: Աշխարհում կա դեմենցիայով հիվանդ շուրջ 50 միլիոն մարդ, տարեկան արձանագրվում Է մոտ 10 միլիոն նոր դեպք: Հիմնականում այն ախտահարում Է տարեց մարդկանց: Դա աշխարհում տարեց մարդկանց հաշմանդամության եւ անգործունակության հիմնական պատճառներից մեկն Է: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին դեմենցիայով հիվանդների խնամքի միագումար արժեքը կհասնի 2 տրիլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
15-05-2019 23:58