Հողը կա, մնում է այդ հողի վրա ինչ-որ բաներ աճեցնելու ճիշտ ձեւեր գտնենք

18-05-2019 19:33

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են 256 Hub-ում Մեր զրուցակիցը գրող Անուշ Քոչարյանն է, ով մասնագիտությամբ լրագրող է: Երկար տարիներ աշխատում է Հետք կայքում՝ որպես մշակութային լրագրող, «Բալկոն» նախագծի հեղինակն է: Դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Զբաղվում է նաև արվեստի մենեջմենթով: Անուշ, հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Բարդ հարց է, որովհետև «թե»-ն չեմ կարողանում տեղավորել իրենց արանքում: Հիմա, երբ հարցնում եք, կարող եմ ասել, որ «հայրենիքը» բոլոր իմաստներով՝ բովանդակային, կոնցեպտուալ, ձեւակերպումների ենթատեքստերում, հաստատված է, ինչ վերաբերում է «մայրենիքին», ցավոք, միայն վերագրումներով ենք սահմանափակվում: Ունենք «մայր» բուհ, «մայր» թատրոն, «մայր» Հայաստան ձևակերպումն ի վերջո, սակայն այդ վերագրումները չունեն այն բովանդակությունը, որը որպես այդպիսին «մայրենիքը» հաստատելու էր որպես ընդունված, հավասարազոր: Որտեղի՞ց եք սերում արմատներով, և ընդհանրապես մարդու համար որքանով է կարևոր սեփական արմատները ճանաչելը: Ծնվել եմ Վանաձորում: Մայրիկիս տատը Արևմտյան Հայաստանից է՝ Վանից, պապը՝ տավուշեցի: Հայրական կողմս լոռեցիներ են․ արմատներս, փաստորեն, Արևմտյան Հայաստան, Լոռի և Տավուշ․․․ Ինչո՞վ է դա կարևոր: Կարևոր է դառնում այն ժամանակ, երբ ինքդ քեզ ձևակերպելու ընթացքում դրան այլևս չես անդրադառնում, չես լարում հիշողությունդ մեջբերելու համար․ դրանք կան, փաստ են և դրսևորվում են: Եվ այս իմաստով մի բան, որ ինքնըստինքյան է դրսևորվում, արդեն կարևոր է, բայցև դժվար բացատրելի: Գուցե ինչ-որ իրավիճակում այս հարցը քննարկման կարևորություն ունենա, բայց ոչ հիմա: Մի քանի նախադասությամբ կնկարագրե՞ք՝ ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, ինչպես է անցնում երիտասարդությունը: Մանկությունս անցել է Վանաձորում՝ տանը, որ գտնվում էր արդեն չաշխատող քիմիական գործարանի կողքին: Ծնվեցի Անկախությունից մի քայլ առաջ, տարիների ընթացքում խնդրականացրի այդ հարցը, տեսա այն, ինչ անվանում են «մութ ու ցուրտ», բայց չզգացի մաշկս այդ «մթի» մեջ, չսառավ մաշկս այդ «ցրտից», որովհետև անհավանական ջերմ ու հոգատար ընտանիքում մեծացա: Հատկապես երկու կարևոր ազդեցություններով էր պայմանավորված մանկությանս դրվագները՝ հայրական պապիս և մորս պատկերներով: Հենց իրենք ինձ «բաց թողեցին» աշխարհը ճանաչելու համար․ պապս՝ ճշգրիտ գիտության՝ ֆիզիկայի կանոններով, մայրս՝ ցանկացած իրավիճակ սիրով հաղթահարելու պայմանականությամբ: Հետո դպրոցն էր՝ իր յուրահատուկ ճարտարապետությամբ (հայերը չէին կառուցել), շենք շենքի մեջ, որն ուներ ներքին բակ, ֆիլմադարան, աշխատարաններ, լաբորատորիաներ, բացահայտման շատ անկյուններ: Մտածողությանս ձևը կապում եմ կառուցվածքի հետ՝ տրամաբանության, որը պայմանավորված էր պապիս համաշխարհային քարտեզները կտրտելով ու նորովի «կառուցելով», տրամադրությամբ, որը փոխանցում էր հետարդյունաբերական քաղաքը, միշտ դրական եզրակացությամբ, որով մայրս պայմանավորում էր կյանքը, և այդ ամենի ֆոնին՝ հորս, տատիս ու քրոջս կարևոր ներկայությամբ: Պատանեկությունն, այս իմաստով, քաղաքի այլ անկյունների բացահայտման և այլ առնչությունների մեջ մտնելու շրջանն էր: Շատ լավ եմ հիշում ինձ 13-14 տարեկանում, երբ  որոշում կայացրի՝ լրագրող եմ դառնալու, ու սկսեցի գրական-մշակութային հաղորդաշար վարել, որը հեռարձակում էր Հանրային ռադիոն (մեկ ժամ տրամադրելով վանաձորցիներին): Հետո արդեն մայրաքաղաքն է, որտեղ առնչությունը հարաբերության ձև է ստանում, ընկերներդ դառնում են կարևոր, սիրելիներդ հաստատում են զգացումներդ, քաղաքի այլ «տպերն» էլ ասում են՝ լավ է, որ կաս: Որո՞նք են ձեր կյանքի կարևոր դասը կամ դասերը: Թերևս երկու կարևոր այդ մարդկանց շնորհիվ առաջին դասերս արդեն ստացել էի, բայց փորձառություն չունեի, որպեսզի դրանք «դաս» անվանեմ: Պապս ֆիզիկ էր, կասկածում էր ցանկացած «ճշմարտության» վրա, երբևէ չէր բացարձականացնում որևէ բան և միշտ վիճարկելու տեղ էր թողնում, իսկ մայրս, չխանգարելով «կասկածի» այդ ընթացքին, անընդհատ սիրելու մղման է տարել․․․ Այսինքն՝ սիրելով, սեր դնելով, երբևէ չեմ խուսափել երկխոսությունից, որը կարող է այլ հորիզոններ բացել: Սա ամենամեծ ձեռքբերումս է, երբ ինչ-որ անընդունելի, թեկուզ ճշմարտանման բան կարող ես սիրել այնքան, մինչև սկսի գործել տրամաբանությունը, որի համար անընդհատ փորձ ես ձեռք բերում: Այդպես շարունակում եմ սիրել մարդուն, սիրել զրուցակցին, սիրել տվողին, վերցնողին, սիրել գործողություն կատարողին, շարժում տարբերակողին եւ ի վերջո այդ շարժումը գործողությունից չզանազանողին նույնպես: Հետո կարևորություն են ստանում քո գոյությամբ պայմանավորված բոլոր հարաբերությունները, որոնք կարող են կասկածի տակ դնել մինչ այդ հաստատվածը կամ հակառակը՝ ավելի համոզիչ կերպով հաստատել այն, ինչ ինքդ ես ֆիքսել: Եղավ այնպես, որ ես տեսա՝ ինձնից շատ սիրողներին, ինձնից շատ մտածողներին, ինձնից շատ մտահոգվողներին, ում գոյությունը հաստատեց, որ ահռելի տիեզերական բախումների ու էներգիաների մեջ մեր գոյությունը մեկ-երկու վայրկյանի սահմանափակում ունի: Եղավ մեկը, ով ձմեռային մի գիշեր ինձ համոզեց, որ ում սիրում ես, պիտի բաց թողնես, եղավ մի շատ կարևոր այլ մեկը, ով սովորեցրեց չմեղադրել, չծանրաբեռնել արդեն ծանրաբեռնված մոլորակը, եղան մարդիկ, ովքեր փողոցային պայքարում կիսեցին ինձ հետ իրենց հացը, մտահոգությունը, սիրունությունը, եղան քաղաքացիական, քաղաքական պրոցեսներ, որոնք պատկերներ փոխեցին և ուղղություն, եղան ճամփորդություններ, որոնք վերադարձի տեղ բացեցին․․․ Եղան մարդիկ, պատմություններ, իրավիճակներ, որոնց անդրադարձա, գրեցի, պատմեցի, վերապատմեցի եւ ինձ ոգեւորեցի այդկերպ: Եթե խոսենք կրթության խնդիրներից՝ Հայաստանում և արտերկրում, որո՞նք են տարբերությունները, ինչ խնդիրներ կան մեր կրթական համակարգում: Կրթությունս ստացել եմ Հայաստանում, ոչ ֆորմալը՝ ԱՄՆ-ում: Անընդհատ փոփոխվող աշխարհը ենթադրում է անընդհատ վերանայվող կրթական համակարգ: Խնդիրներից մեկն այդ իմաստով կապ ունի գլոբալ եւ լոկալ հասկացությունների հետ: Եթե նախկինում համակարգը սահմանում էր ամեն ինչ՝ այդ թվում կրթության ձևաչափը, ապա գլոբալ աշխարհի մարդը, որ կարող է կրթություն և փորձառություն ստանալ բառիս բուն իմաստով ցանկացած տեղ, հաստատում է լոկալ հասկացության կարեւորությունն արժևորելու պահը: Մարտահրավերն այս իմաստով գլոբալ է, լուծումները՝ լոկալ: Ուրեմն կրթական համակարգն այդ թվում պիտի ենթարկվի կանոնին, որը ենթադրում է՝ վերցնել այն, ինչ արդեն հաջողվել է և այդ հաջողվածն այնպես «տեղավորել» լոկալ համակարգում, որ ունեցածը չխարխլվի: Իմ ուսանողներն ինձնից ավելի տեղեկացված են․ այսինքն իրենք տիրապետում են բոլոր գործիքներին, որոնց միջոցով ինֆորմացիան դառնում է «իրենցը», եւ հարց է առաջանում՝ այդ տեղեկացված լսարանի առջև ինչպե՞ս պիտի ներկայանաս: Հակված եմ կարծելու, որ կրթական համակարգի առաջնային խնդիրն այլևս կապված չէ միայն գիտելիքի ուղիղ փոխանցման մեթոդիկայով․ նախևառաջ այն պիտի ապահովի գիտելիքի ձեռքբերման հնարավորությունները, ինքնազարգացման մղումները, տեսությունների ամրապնդումը գործնական աշխատանքով պիտի պայմանավորված լինի: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք մեր հասարակությանը: Դժվարությունն այն է, որ որպես «հավաքական» միավորի բնութագրիչներ չունեմ, որովհետև բաժանումներ ունեմ անցկացրած: Մենք մի հասարակության մաս ենք, որտեղ տարբերակումները՝  համակարգերի փորձառության, տեխնոլոգիական զարգացման, երևութական վերաբերմունքի և շատ այլ իմաստներով, խիստ տարբեր են: Շատ բարդ է դառնում այս իմաստով վերագրումներ անել կամ էլ հաստատված մեկ-երկու նախադասությամբ բնութագրել այն հասարակությունը, որի մեջ ենք, որի մաս ենք: Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»: Տեսեք, երբ մարդը շատ լավ տեսողություն կամ լսողություն ունի, չի մտածում բժշկին այցելելու, ախտորոշում ունենալու մասին, եւ դա ինչ-որ իմաստով բնական է չէ՞: Երբ արդեն կան խնդիրներ, հանկարծ հայտնվում ես հերթի մեջ և մտածում՝ ուշ հասկացար, ուշ դիմեցիր: Այս իմաստով մեր հասարակությունը «ախտորոշման» չափազանց ուշ է գնում, այնքան ուշ, որ «դիագնոզը» ցավալի արդյունք է տալիս, հաճախ՝ անուղղելի եւ վերջնական հաստատված: Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ մեզ թվացել է, որ մեր «տեսողությունը» եւ «լսողությունն» իդեալական է, որ մենք չունենք խնդիրներ, որ աշխարհին տվել ենք, տվել ենք ու էլի տվել ենք, իսկ աշխարհը մեզ բան չի տվել, տուժել ենք, մաքառել ենք, պայքարել ենք: Այն, որ ունենք «հիվանդ» տեղեր և խուսափում էինք դրա մասին խոսել, փաստ է: Այն, որ մեր «հիվանդ» տեղը տեղավորել ենք համընդհանուր «մենքի» մեջ եւ անցել առաջ, եւս փաստ է: Ուրեմն յուրաքանչյուրս, շատ լավ իմանալով մեր «հիվանդ» տեղը, պիտի ինքնաքննադատության, համեմատության, «առողջացման» մեթոդ ունենանք: Այդպես առողջ միավորների համընդհանրությունը «դիագնոզի» պատկեր կստեղծեր: Կարծում եմ՝ անցյալ տարվա իրադարձություններից հետո «ստուգ(վ)ելու» մթնոլորտն ստեղծվել է, մնում է չվախենալ գնալ այդ քայլին: Որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ պետք է անել դրանց լուծման համար և ինչպե՞ս անել: Պատասխանն անմիջապես կապված է քիչ առաջ ասածիս հետ․ չունենալով այդ «ախտորոշումը»՝ հաճախ խնդիրները ձևակերպելու կերպ չունենք: Ասում ենք՝ ունենք կինոյի ավանդույթ, բայց պարզվում է՝ կինո չունենք, ունենք՝ կրթական համակարգ, բայց որակյալ կադր չունենք, ունենք խորը վերքեր, բայց վավերագրությունը քիչ է․․․ Ստացվում է համակարգային խնդիրները, փոխկապակցված գործողությունների հաջորդականությունը, ունեցածն անգամ քիչ աղերս ունի ներկայի հետ: Ունենք խնդիրներ, որոնք անցյալից են գալիս՝ հոլովումները տարբեր են, ձևակերպումները՝ երբեմն պաթետիկ, գերուռճացված կամ թերի, որովհետև, ներկայի մարտահրավերն անտեսելով, փորձում ենք աղաղակել դրա մասին, հուզվել դրանից ու էլի փակվել մեր սենյակներում: Անհատնե՞ր, թե ինստիտուտներ, ո՞րը պետք է զարգացնել: Ինստիտուտներ, որտեղ կան ուժեղ, պատրաստված անհատներ: Անհատների հարցում այդքան էլ վատ դիրքերում չենք, սակայն անհատն իր բոլոր դրսևորումներով արդյունք կարող է գրանցել միայն առողջ միջավայրում, առողջ համակարգում: Անհատը փորձում է, փոփոխություններ է առաջ քաշում, տարբերակներ և լուծումներ է գծագրում, սակայն մի պահից սկսած պարզապես հոգնում է, որովհետև գիտի՝ այլ տեղում ավելի լավ կստացվեր․․․ Մի այլ մայրցամաքում, մի այլ երկրում, մի այլ քաղաքում, ինքը ստիպված չէր լինելու մտածել համակարգային խնդրի մասին: Այսօր իմ ընկերներից մի քանիսը նոր ձեւավորված կառավարությունում են․ ինչ-որ իմաստով փորձաքարի պես է, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում հստակ է եղել, կայացել է: Կուզեի մտածել, որ այդ անհատները մի օր նորից կվերադառնան իրենց ոլորտ՝ հանգիստ լինելով, որ համակարգն արդեն գոյություն ունի, ինստիտուտն արդեն կայացել է: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ: Յուրաքանչյուրիս ստանձնած գործի, մասնագիտական պարտականության պատշաճ կատարման, մարդուն արժևորելու ցանկացած միտման ուղղվելը հաջորդ օրվա դրական ակնկալիքն ունի: Այդ առումով մարդը մշտապես «նշման» կարիք ունի: Այսօրվա մեր արժեւորումը, եթե կուզեք, արխիվի բովանդակությունն է, որից եզրակացություններ կանի հաջորդ սերունդը: Պարտավորություն բառը գործածել չեմ կարող, բայց այդ արխիվի բովանդակության մասին մտածում եմ: Ի՞նչ եք անում դուք ամեն օր կամ պարբերաբար՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Ամեն օր լսում եմ մարդուն, ամրագրում եմ նրա խոսքը՝ չշեղվելով իրենից, չխեղաթյուրելով ներկան: «Բալկոն» նախագիծն էլ այդպիսի մի փորձառություն է․ սուբյեկտիվ կերպով ընտրել մարդուն, բերել քո տարածք, հարցեր տալ նրան, լսել, ամրագրել ամեն բառը օբյեկտիվորեն: Տանս մոտ՝ Բաղրամյան պողոտայում մի պոստեր կար՝ «Ի՞նչ ես արել Արցախի համար» վերտառությամբ, մի քիչ վերեւում մեկ այլ պոստեր՝ «Հայաստանի պետական լեզուն հայերենն է»․ այս երկուսի կողքով պարբերաբար անցնելիս մտածում էի՝ այս հարցադրումն ու հաստատումը ում ինչ է հիշեցնում, ում ինչ է հուշում, արդյոք կա դրա կարիքը: Ինչպես այս պոստերների դեպքում, այնպես էլ Ձեր հարցից ինձ մի քիչ անհարմար եմ զգում: Անու՞մ եմ ինչ-որ բան Հայաստանի համար․ համարյա նույնն է, երբ հարցնես՝ ինչ ես անում ընտանիքիդ համար, մորդ համար, սիրելի տղամարդուդ համար․․․ Ինտի՞մ է, չէ՞․․․ Երբ նման հարցադրում է առաջ գալիս, ուրեմն հեռացել ես իրենցից, տարածքում ես, բայց տեղում չես, պատմում ես իրենց մասին, բայց իրենց հետ չես: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի  ձեր կոնցեպտը: «95-55»-ը ինձ համար տարածական իմաստ ունի․ ծովից ծով Հայաստանի մեր պատկերացումն է, որն այլեւս այդ տարածական իմաստով կրկնվելու հնարավորություն չունի․․․ Եվ իրականում պետք էլ չէ: Այս կոնցեպտի վերաձեւակերպումը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ տարածքը՝ անկախ չափերից, բովանդակություն ստանա․ այդ դեպքում մեկ մետր քառակուսիում անգամ հնարավոր կլինի թատրոնը, մեկ կադրով հնարավոր կլինի կինոն, մեկ միլիմետրի մեջ հնարավոր կլինի կարեւորի ամրագրումը: Այդկերպ կսեղմվի նաեւ ժամանակը․ այն, ինչ անվանում ենք 20 տարվա զարգացում, հնարավոր կլինի 20 ամսվա ընթացքում իրատեսական դարձնել: Քաղաքական վերջին իրադարձությունները վկայեցին, որ ժամանակի խտացումն ու տարիների փորձառությունը հնարավոր է ամփոփել մի քանի օրվա ընթացքում:  Եթե կուզեք՝ անցյալ տարվա ապրիլ-մայիսը հենց այդ կոնցեպտի դրսեւորման ձեւ էր, տարածության ու ժամանակի հաղթահարման հնարավորություն, չնայած որ հասկանում ենք՝ եղածի հետեւում ինչքան մեծ պատմություններ կան: Ի վերջո, Տիգրան Մեծը չսկսեց զրոյական կետից․ իրեն նախորդողներն արդեն ապահովել էին հողը, որը հնարավորություն կտար ձեւավորելու շարունակությունը: Այս իմաստով հիմա նույն իրավիճակում ենք․ հողը կա, մնում է այդ հողի վրա ինչ-որ բաներ աճեցնելու ճիշտ ձեւեր գտնենք: Ի՞նչ պետք է լսեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո և ինչո՞ւ: Մի երգ ասեք կամ YouTube-ի հղում տվեք: 9 տարի շարունակ գրեթե ամեն օր լսում եմ Չայկովսկու վերջին՝  Վեցերորդ սիմֆոնիան: Ինձ համար այն բացառիկ գործերից է, որը ներառում է հնարավորինս ամեն բան՝ զգույշ ու նուրբ ձեւով՝ երբեմն ահաբեկելով եղածի զգայունության իմաստավորումը: Եթե ընթերցողը պատրաստ է լսել այդ ամբողջությունը 50 րոպե եւ ավելի, ուրեմն հենց հիմա թող փնտրի Վալերի Գերգիեւի ղեկավարմամբ այս սիմֆոնիայի կատարման հղումը: Իսկ նրանք, ովքեր այլընտրանքի են սպասում, առաջարկում եմ լսել Nina Simone-ի Sinnerman կատարումը․ ապշելու է, թե նման թեթեւթյան ու նրբության մեջ ինչպես կարելի է բառիս բուն իմաստով պատմել մեղավոր մարդու «ճանապարհը», ով ընդհուպ արարչից օգնություն խնդրեց, բայց համոզվեց՝ սատանան էր միակ սպասողը: Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
18-05-2019 19:33