Ստրասբուրգում կայացել է «Հայկական հեղափոխության ժամանակագրությունը» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը

24-05-2019 19:46

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը մայիսի 23-ին Ստրասբուրգում կազմակերպել է Ֆրանսիայում բնակվող հեղինակ, լրագրող, Հայաստանի թավշյա հեղափոխության ականատես Սեդա Մավյանի «Հայկական հեղափոխության ժամանակագրությունը» (Chronique de la révolution arménienne) ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: «Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը: Իր ելույթում նա Սեդա Մավյանի գիրքը համեմատեց հանրագիտարանի հետ՝ նշելով, որ այն կարող է ծառայել որպես նախորդ տարվա իրադարձությունների վերաբերյալ հետագա աշխատությունների, հոդվածների համար ժամանակագրական ամփոփ աղբյուր, քանի որ ներկայումս այն եզակի է իր տեսակի մեջ: Սեդա Մավյանը, ներկայացնելով իր գիրքը, անդրադարձավ դրա ստեղծմանը, հեղափոխության ընթացքում շրջադարձային հանգրվաններին: Նա նշեց, որ անգամ իր համար է հայկական հեղափոխության ֆենոմենի հանդեպ արտերկրում առկա հետաքրքրությունը տեսնելն անակնկալ եղել: Հետևեց հարց ու պատասխան: Շնորհանդեսի ընթացքում Հայաստանի մշտական ներկայացուցչության անունից տրվեց ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի, ներառյալ՝ ԵԽԽՎ պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Տեղեկանք. Հեղինակ և գրող Սեդա Մավյանը Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի, ինչպես նաև՝ Փարիզի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պատմության բաժնի շրջանավարտ է: Ֆրանսիայում լույս տեսնող հայկական «Nouvelles d’Arménie» ամսագրի երևանյան թղթակից է, մասնավորապես՝ քաղաքականության, մշակույթի և պատմության հարցերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
24-05-2019 19:46