«Երկրորդ սերնդի ուզուրպացիայի» վտանգը

Անցումային արդարադատության գործիքը դեռ չի բնորոշում դրանով կատարվող աշխատանքի որակը, այն մի գործիք է, որը կարող է և լավ օգտագործվել, և վատ: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Լեւոն Զուրաբյանը: Խորհրդարանում լսումներ են տեղի ունեցել անցումային արդարադատության թեմայով եւ, դատելով մասնակիցների ելույթներից, դեռ պատկերացում չկա, թե խոսքն ինչի մասին է՝ անցումային արդարադատության, թե անցումային շրջանի արդարադատության, դատարանները «մաքրելու», թե մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելու, սուպերլիազորություններով նոր մարմնի ստեղծման, թե գոյություն ունեցող համակարգով ու օրենսդրությամբ աշխատելու: «Այդ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խախտումներ: Այսինքն՝ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց իրավունքներից, մարդկանց սպանել են, Մարտի 1-ի ոճրագործությունն այդ ամենի գագաթնակետն էր, հարյուրներով վիրավորվածներ կային: Մարդկանց հազարներով հեռացրել են իրենց աշխատանքից, սեփականություն են խլել: Անցումային արդարադատության ամբողջ իմաստը իրավունքների վերականգնումն է: Այսինքն՝ այդ բոլոր մարդիկ պետք է հաշտվեն իրենց պետության հետ: Եվ բոլոր հասարակություններում գործընթացը առաջ է գնացել միայն այն դեպքում, եթե ստեղծվել է դրա համար գլխավոր գործիքը, որը կոչվել է ճշմարտության և հաշտության հանձնաժողով», – կարծում է Զուրաբյանը: Ճշմարտության եւ հաշտության հանձնաժողովներ են ստեղծվել Արեւելյան Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի շատ երկրներում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Այդ հանձնաժողովներն ստեղծվել են քաղաքական խոշոր ճգնաժամերից հետո՝ նացիզմի, կոմունիզմի, Պինոչետի ռեժիմի, Ապարտեիդի անկում: Նոր իշխանությունը նախորդ ռեժիմին քաղաքական գնահատական է տվել՝ որակելով որպես բռնապետություն, ռեպրեսիվ ամբողջատիրություն եւ ֆաշիզմ՝ որոշելով տուժողներին: Ճշմարտության ու հաշտեցման հանձնաժողովը փորձել է լուծել տուժածների խնդիրները: Անդրիաս Ղուկասյանը լսումների ժամանակ ասել է, որ անցումային արդարադատության համար նախեւառաջ անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ նախկին ռեժիմին, հայտարարել, որ իշխանությունն ուզուրպացված է եղել, որ իրավապահ համակարգը շեղվել է ճշմարտության ճանապարհից: Հայաստանի նոր խորհրդարանը, որում մեծամասնությունը վարչապետի կուսակցությունն է, այդպես էլ քաղաքական գնահատական չի տվել նախկին ռեժիմին: Դա հեշտ հարց չէ, որովհետեւ դժվար է սահմանել ժամանակային շրջանակները եւ ռեժիմից տուժածներին, առավել եւս, որ քաղաքական գնահատականը ենթադրում է նաեւ որոշակի իրավական հետեւանքներ՝ որոշելով նաեւ նրանց, ովքեր տուժել են ռեժիմից: Ազատ Արշակյանը, օրինակ, ասում է, որ Հայաստանի իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել արտագաղթել, բանակը թուլացել է, որը հանգեցրել է ագրեսիայի ու հարյուրավոր մարդկանց մահվան, տնտեսությունը փլուզվել է, 800 հեկտար հող է կորսվել: Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ մինչեւ հիմա իր դեմ մի քանի գործ է հարուցված, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներով: Նա ասում է, որ հարյուրավոր գործեր սարքվել են, մարդիկ կեղծ մեղադրանքներով զրկվել են ազատությունից եւ սեփականությունից: Ո՞վ է որոշելու ռեժիմից տուժածների շրջանակը: Ամեն մեկն իր պատմությունն ունի, եւ հարցն այն է, թե ով պետք է լսի այդ պատմությունը եւ լուծում տա բոլոր հարցերին: Բացի այդ, անմիջապես հարց է ծագում, թե ով պետք է լինի հանձնաժողովում, ովքեր են այդ գերմաքուր, անբիծ մարդիկ, որոնց մարդիկ կվստահեն իրենց անցյալը: Բայց եթե չկա քաղաքական գնահատական, եթե որոշված չէ հանցագործությունների շրջանակը, ապա անցումային արդարադատությունը բոլոր հնարավորություններն ունի վերածվելու ամենաթողության եւ երկրորդ սերնդի ուզուրպացիայի, երբ գերլիազորություններով օժտված ինչ-որ մարդիկ արդարադատություն են իրականացնելու՝ չունենալով դրա համար բարձր մանդատ: Ո՞վ եւ ինչպե՞ս է վեթինգի արդյունքներով որոշելու, թե դատավորը որ միջոցներն է անօրինական ստացել եւ որքան է պետք բռնագանձել: Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ասում է, որ Հայաստանն իրավական պետություն է եւ անթույլատրելի է «Պանդորայի արկղի» բացումը: «Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալ այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող», ասել է նա:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
24-05-2019 21:08