ԱԱԾ պետի անսպասելի կոչը. վարչապետը լսե՞լ էր

«Պետք է անել ամեն ինչ՝ դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձանց որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, թե ինչպես նշանակվեց, կապեր և այլն», մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, նշելով այն մասին, որ խոսքը պետք է վերաբերի որ միայն դատավորներին, այլ առհասարակ պաշտոնյաներին: ԱԱԾ պետի հայտարարության տողատակում նշմարվում են «լյուստրացիայի» ակնարկներ: Խոսքն իհարկե այդ բառի դասական իմաստի մասին չէ, բայց այդուհանդերձ հետաքրքիր է, որ խնդրի մասին խոսում է ԱԱԾ պետը: Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ նշմարվում է նաեւ կադրային քաղաքականությունից որոշակի դժգոհություն: «…պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձանց որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, թե ինչպես նշանակվեց, կապեր և այլն», ասում է նա: ԱԱԾ պետն այդպիսով փորձում է «հանրային ուղի» հարթել այդ հարցերում իշխանության մեջ ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու համա՞ր, թե՞ ԱԱԾ պետի պաշտոնում գործունեության խոչընդոտներ հաղթահարելու, երբ հարցը ոչ թե հավելյալ ազդեցությունն է, այլ ֆունկցիոնալ դերակատարմամբ ենթադրվող ազդեցության շրջանակն ապահովելը: ԱԱԾ պետի հայտարարությունը հնչում է օրերս հրևապարակված սոցհարցման տվյալի ֆոնին, որտեղ նա եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էին պետական պաշտոնյաների շարքում հանրային դրական գնահատականի արժանացած առաջատարները: Արթուր Վանեցյանն ըստ երեւույթին փորձում է քաղաքական հարթությունում արագ «կապիտալիզացնել» սոցհարցման տվյալի հրապարակման էֆեկտը: Ինչպե՞ս կարձագանքի կառավարող մեծամասնությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանը՝ «համընդհանուր վեյթինգի» կամ առանձնահատուկ «լյուստրացիայի» ԱԱԾ պետի մոտեցմանը: Վարչապետն է՞լ դա լսել է լրագրողների հետ Վանեցյանի զրույցից, թե՞ դա հարց է, որ ԱԱԾ պետն ու վարչապետը քննարկել են ավելի վաղ: Բանն այն է, որ ավելի՝ առնվազն միջնաժամկետ տարածության վրա այդ գործիքը անհրաժեշտ է լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա ունի կառավարող մեծամասնության քաղաքական բյուրեղացման խնդիր: Ներկայիս մեծամասնությունը կերտված է հեղափոխության կամ հեղափոխական պատկերով ու նմանությամբ, ելնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներից: Միեւնույն ժամանակ, նույնքան օբյեկտիվ անհրաժեշտություն է այդ պատկերի վերաձեւումը եւ դրան քաղաքական նկարագիր հաղորդելը, այդ բառի թե բովանդակային, թե ինստիտուցիոնալ իմաստով: Իսկ դա ենթադրելու է՝ թող կոշտ չդիտվի, զտում կամ ֆիլտրում, տարբեր մեխանիզմներով: Դա էլ իր հերթին առաջ է բերում այլ խնդիր՝ չափանիշները եւ սկզբունքները, միաժամանակ ներքին բաժանարար գծերն ու շահերի բախումը: Նրանք, ովքեր «մաքուր» են կապերի եւ այլ տեսանկյունից, սովորաբար, որպես կանոն անփորձ են քաղաքական ինտրիգների տիրույթում, եւ իհարկե հակառակը: Մինչդեռ, Փաշինյանն անկարող է գործընթացն իրականացնել բացառապես անձամբ, մեկ առ մեկ սկզբունքով: Հետեւաբար անհրաժեշտ են լինելու գործիքներ, որոնք թույլ կտան ժամանակի ու տարածության մեջ կառավարել ու հավասարակշռել այն, նշաձողը չհաղթահարողների նկատմամբ ձեռք բերելով լծակներ, որոնք կսահմանափակեն նրանց «ինտրիգային կարողությունները»: Դա անշուշտ չի կարող լինել բացարձակ էֆեկտիվ գործիք, որը կապահովի իդեալական բյուրեղացում: Սակայն մեծ հավանականությամբ լինելու է վարչապետ Փաշինյանի դիտարկման շրջանակում, որպես ներթիմային «անցումային արդարադատության» մեխանիզմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
24-05-2019 22:40