Սպասում եմ տնտեսական հեղափոխությանը, որ վերադառնամ Հայաստան

Մեր զրուցակիցն է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Մաքս, Դուք արձագանքեցիք դատավորների ապօրինությունների վերաբերյալ Լենա Նազարյանի հայտարարությանը, ներկայացրիք «Էլեկտրիկ Երևանի» գործերով զբաղվող դատավոր Արթուր Ավագյանին, որը դատական նիստերի ժամանակ ակնհայտ կողմնապահություն էր անում: Ընդհանրապես, Հայաստանում դատաիրավական համակարգին ուղղված իշխանության աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում: Ես միացել եմ, համերաշխ եմ սկսված գործընթացների հետ: Ավելին՝ կարծում եմ, որ սա ուշացած էր, սա անմիջապես հեղափոխությունից հետո պետք է կյանքի կոչվեր, որովհետև անգամ հեղափոխությունից հետո մարդիկ դատարաններում, ոստիկանությունում կամ այլ կառույցում, որից ակնկալում են արդարության վերականգնում, բախվում են անարդարության հետ: Ու դա անմիջապես ասոցացվում է երկրում որևէ բան փոխված չլինելու հետ: Ուստի սա առաջին հերթին պետք էր կյանքի կոչել, քանի որ, կարծում եմ, գաղտնիք չէ, թե այդ բոլոր տարիներին Հայաստանում դատավորներ ինչպես են նշանակվել: Ուստի այդ դատավորներից արդարադատություն ակնկալելը սխալ էր և պետք էր սկզբում անել: Տեսեք, անգամ հեղափոխությունից հետո վարչական գործերով շարունակվել եմ տուգանվել, գույքս արգելանքի տակ է վերցվել, ես նորից տուգանքներ եմ վճարել խաղաղ ցույցերին մասնակցելու համար: Ուստի մի փոքր ուշացած էր այս քայլը, բայցև տեղին էր: Իշխանությունը նախաձեռնել է վեթինգ իրականացնել, վարչապետն էլ խոսում է դատական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտության մասին: Այս քայլերը կհանգեցնե՞ն դատական համակարգի առողջացմանը: Համակարգն ինքն իրենով այնքան փտած է, որ, կարծում եմ, գլոբալ լուծում է անհրաժեշտ: Ես ունեմ դատարանում աշխատելու փորձ և քիչ թե շատ ներսից եմ ծանոթ՝ սկսած դատավորների ընտրությունից, թե ինչպես էին դատավոր դառնալու համար իրենց հերթն առաջ գցում: Այս ողջ պրոցեսները եղել են, և նույն այս հերթում կային բազմաթիվ երիտասարդ կադրեր, որոնք շատ ճիշտ և արդար վճիռներ կկայացնեին: Վեթինգի ինստիտուտի ներդրումը ճիշտ է, քանի որ բոլոր այն դատավորները, որոնք որևէ դատավճիռ են կայացրել, պարզվի, սպասարկել են ինչ-որ մեկի շահեր, պետք է լքեն համակարգը և նրանց փոխարեն գան նորերը: Անմիջապես պետք է փոխել հին համակարգին ծառայածներին: Դրանից հետո շատերը հետայսու կվախենան որևէ ապօրինի բան անել: Պետք է պատասխանատվության ենթարկվեն այն բոլոր դատավորները, որոնց ապօրինի վճիռների հետևանքով ՀՀ-ն տասնյակ հազարավոր դոլարներ է փոխհատուցել, որովհետև տվյալ դատավորները, ակնհայտ իմանալով, որ օրենքի տառին անհամապատասխան վճիռ են կայացրել, կայացրել են, որպեսզի սպասարկեն անձանց շահեր, և թե հետո ինչ կլինի, նրանք դրա համար որևէ պատասխանատվություն չեն կրել: Մաքս, ինչո՞ւ չվերադարձաք հաստատվելու Հայաստանում: Չվերադարձա, որովհետև խնդիրներս դեռ մինչև վերջ լուծված չեն, և այս պահին տնտեսական այդ փոփոխությունները դեռ տեղի չեն ունեցել, որոնց վրա վստահ լինելով վերադառնամ և այդտեղից շարունակեմ լուծել այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին: Բնականաբար, Հայաստան վերադառնալու ցանկությունս շատ մեծ է, բայց երբ էմոցիոնալ ֆոնը՝ կարոտ և մնացած բոլոր փաստերը դնում ենք մի կողմ, առնչվում եմ իրականության հետ, հասկանում եմ, որ վերադառնալու եմ Հայաստան և նորից սկսելու եմ ծանր գործընթացը՝ աշխատանքի փնտրտուք, կամ եթե անգամ կգտնեմ աշխատանք, այս պահին դժվար է լինելու այդ աշխատանքով և այդ աշխատավարձով պահել ընտանիքս: Ընտանիքս Հայաստանում է, և նրանք էլ ունեն աշխատանք գտնելու խնդիր: Տնտեսական հեղափոխություն ասվածը, որը ասել է վարչապետը, երևի թե դրան եմ սպասում: Ես ողջունել եմ Հայաստանում տեղի ունեցած պրոցեսները և աջակցել եմ ինչով կարողացել եմ, ընտանիքս էլ Հայաստանում է աջակցել: Տեղեկատվությունը, որը ստանում եմ Հայաստանից, շատ հակասական է: Ընկերներս, որոնք այսօր իշխանության որևէ թևի ներկայացուցիչ են, նրանք ներկայացնում են բազմաթիվ դրական փոփոխություններ, որոնք եղել են և որոնք դեռ լինելու են, բայց երբ խոսում եմ ընտանիքիս հետ կամ հարազատներիս, ընկերներիս հետ, որոնք որևէ դիրք չունեն, շատերը նշում են թանկացումների մասին, որ տնտեսապես մարդկանց կյանքում որևէ բան չի փոխվել: Գուցե մարդկանց ակնկալիքներն են մեծ եղել, որոնք այս պահին դեռ չեն արդարացել: Բայց ես չեմ ուզում որևէ պրոցեսի վնասած լինել, քանի դեռ չունեմ որևէ հստակ տեղեկատվություն: Կարծում եք՝ ներդրումները Հայաստանում ուշանո՞ւմ են: Կարծում եմ՝ արդարադատական համակարգի բարեփոխումները մեծ ազդեցություն կունենան ներդրումների վրա: Ցանկացած ներդրող, որ պատրաստվում է ինչ-որ տեղ ներդրում անել, ակնկալում է, որ որևէ խոչընդոտի հանդիպելու դեպքում իրավական ճանապարհով կվիճարկի դատարանում, բայց մեզանում դատական համակարգի նկատմամբ վստահությունն այնքան քիչ է, որովհետև տարիներ շարունակ մարդիկ ունեզրկվել են նաև դատավորների աջակցությամբ: Կարծում եմ՝ այդ ոլորտից, նաև հարկային ոլորտից եմ լսում շատ բողոքներ: Հին համակարգից դեռ շատ կա մնացած բան, որ ենթակա է փոփոխման: Քաղակտիվիստներ  նախկինի պես շատ չկան, հիմնականում կառավարությունում և ԱԺ-ում են նրանք: Սա խնդիր համարո՞ւմ եք:  Այո, նրանք հիմնականում ԱԺ-ում և կառավարությունում են: Ակտիվ քաղաքացիների մեծ մասը ներգրավված է քաղաքական պրոցեսներին: Ես վստահ եմ, որ հարկ եղած դեպքում մարդիկ, որոնց ես գիտեմ, դուրս կգան պայքարելու, եթե այս իշխանությունը փորձի անել քայլեր, որոնք չեն բխի հանրության շահերից, ինչի վրա խիստ կասկածում եմ, բայց եթե լինի նման բան, նրանք դուրս կգան պայքարի, մինչև ես հետ կգամ /ծիծաղում է/: Ի վերջո ո՞ր երկրում եք հաստատվել: Ճիշտն ասած, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, երկրի անունը նշելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Իհարկե, սա պետական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն չէ, պարզապես սա իմ անձնականն է, իմն է և դրա մասին հայտարարելը որևէ մեկին որևէ բան չի տալու, երկրում ինչ-որ բան դեպի դրականը չի փոխելու, ուստի դրա մասին խոսելու կարիք չեմ տեսնում: Ես մի երկրում եմ, որտեղ չիմանալով լեզու, գտա աշխատանք, իմ իրավունքները որպես աշխատող չեն ոտնահարվում: Ինձ տրվեց հնարավորություն այստեղ դրսևորվելու, ես դրսևորվեցի և բավականին լավ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
24-05-2019 23:20