Սոֆիայում ընթերցասերներին ներկայացվել է Նարեկացու Մատյան ողբերգության գրքի ռուսերեն թարգմանությունը

24-05-2019 23:33

Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ մայիսի 22-ին Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի է ունեցել միջնադարի հայ մեծագույն գրող և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: Ինչպես տեղեկացրեցրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման սկզբում նոր հրատարակված գրքերը, որպես աղոթամատյան, օրհնվեցին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոր կողմից, այնուհետև տպագրության նախաձեռնող և միջոցառման կազմակերպիչ Սոնա Մինասյանը շնորհանդեսի բազմաթիվ մասնակիցներին ներկայացրեց Նարեկացուն և նրա գրական ժառանգության գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգության» պոեմը՝ որպես հայ միջնադարյան գրական մտքի ամենամեծ արգասիքը: Բանախոսը նշեց, որ պոեմը պատկանում է երբևէ ստեղծված գեղարվեստական մեծագույն արժեքների թվին և ամփոփում է այն լավագույնը, որ ստեղծել է հայ հավաքական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դար: Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից: Հնչեց հայ հոգևոր երաժշտություն, այդ թվում Կոմիտասի ստեղծագործությունները երգչուհի Մարի Բասմաջյանը և ջութակահար Նարինե Վարդանյանի կատարմամբ: Միջոցառմանը, որին ակտիվ մասնակցություն ունեցան դեսպան Արմեն Սարգսյանը և դեսպանության անձնակազմը, ներկա էին Սոֆիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանանագետներ, արվեստի և գրականության գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Lragir.am,
24-05-2019 23:33