Ինչու Իմ քայլը չի ընտրում նախագահի առաջադրած ՍԴ թեկնածուներին

30-05-2019 17:00

«Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, Ազգային ժողովն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատավորի անդամի ընտրություններին: Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ չընտրեց ՍԴ անդամի  թեկնածու Արթուր Վաղարշյանին, քանի որ Իմ քայլը խմբակցությունը դեմ էր քվեարկել: Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև Ազգային ժողովի և նախագահի պատկերացումները համընկնեն: Սա խնդրում եմ որևէ կերպ չմեկնաբանել իբրև նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսևորման կամ դրա բացակայության շրջանակներում»,- ասաց Միրզոյանը: Հարցին, թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չի առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ նախագահն ունի իր պատկերացումները: «Ելնելով այս կամ այն փաստարկներից՝ նախագահն անում է առաջադրումեր, տեսնենք հաջորդ առաջադրումը ոնց կլինի: Իր կողմից մեր, մեր կողմից իր նկատմամբ դեմարշի մասին խոսք ամենևին չկա: ԱԺ-ն պետք է ընտրի կամ չընտրի այն թեկնածուին, որին հարմար կգտնի առաջադրել նախագահը»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն անվստահություն չի հայտնում նախագահի ինստիտուտին:

Lragir.am,
30-05-2019 17:00