Վահե Գրիգորյանին ընտրելը չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ. ԱԺ նախագահ

31-05-2019 14:24

Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի ՍԴ  դատավոր, դա չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ, այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նշենք, որ Հանրապետության նախագահը ՍԴ անդամի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Արարատ Միրզոյանն ասաց, որ չի ուզում թաքցնել՝ լավ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ: «Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում: Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը: Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել: Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան: Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը, շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական: Իսկ թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերևա առաջիկայում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Իմ քայլը խմբակցությունը Հանրապետության նախագահի առաջադրած նախկին երկու թեկնածուներին դեմ էր քվերակել: Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի թեկնածության քվեարկությունը մեկ անգամ ձախողվել էր ԱԺ-ում, երբ իշխող խմբակցությունը ՀՀԿ-ն էր: ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ հակաօրինական քայլ է տեղի ունեցել, քանի որ օրենքը հստակ ասում է՝ իրավասու մարմինը մեկից ավելի անգամ չի կարող նույն անձի թեկնածությունն առաջադրել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ համամիտ չէ այս գնահատականի հետ: «Բերեք այդ կամայական մեկնաբանությունները թողնենք: Նոր թեկնածություն է սա, խնդիր չկա: Իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել, այս թեման հրապարակային քննարկվել է»,- նշեց Միրզոյանը:

Lragir.am,
31-05-2019 14:24