Շատ սառը հանդիպում. Ինչ է եղել Թրամփի ու Մերկելի միջեւ

06-06-2019 14:08

Մեծ Բրիտանիայի Պորտսմուտ քաղաքում, որտեղ համաշխարհային առաջնորդները հավաքվել են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 75-ամյա տարեդարձի առիթով բրիտանական կառավարության կազմակերպած հանդիսությանը, տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի նախագահ Անգելա Մերկելի հանդիպումը: Հանդիպումն առաջինն է մոտ կես տարվա ընթացքում: Այն անցել է բավականին սառը, ինչի մասին վկայում են հանդիպման թե տեւողությունը, թե նաեւ դրա մեկնարկը պատկերող արարողակարգային կադրերը: Գերմանական կողմը հաղորդել է 20 րոպե տեւողությամբ հանդիպման մասին, իսկ ամերիկյան կողմն ավելի կարճ՝ 10 րոպե տեւողությամբ հանդիպման մասին: Տեսանյութում երեւում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը: Թե ԱՄՆ նախագահը, թե Գերմանիայի կանցլերը դեմքի բավականին սառը արտահայտություն ունեն, թեեւ տեսանյութում երեւում է, որ կանցլեր Մերկելը որոշակիորեն փորձեց նստելուց առաջ ընդառաջ քայլ կատարել, հնարավոր է ձեռքսեղմման համար, սակայն ԱՄՆ նախագահ Թրամփը բավականին ընդգծված կերպով խուսափում էր նրան արձագանքելուց եւ անգամ նայելուց: Հայտնի է, որ ԱՄՆ եւ Գերմանիայի առաջնորդները դեռեւս ամիսներ առաջ  միմյանց հասցեին հնչեցրել են քննադատություն: Մերկելը համաձայն չէ Թրամփի այսպես ասած «մեկուսացման» քաղաքականությանը, ԱՄՆ նախագահն էլ Գերմանիային քննադատում է միջազգային անվտանգության համակարգում քիչ ներդրում անելով շատ բան ակնկալելու, նաեւ Ռուսաստանի հետ առեւտրային բազմամիլիարդ գործարքների, մասնավորապես Հյուսիսային Հոսք-2 նախագծի համար:

Lragir.am,
06-06-2019 14:08