Այսօր շատ լավ վիճակում ենք, ունենք շատ ուժեղ սերունդ, ունենք բազմաթիվ հնարավորություններ

08-06-2019 18:38

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են 256 Hub-ում: Մեր զրուցակիցն է «Արխանգել» ճարտարապետական կազակերպության համահիմնադիր, տնօրեն Արտակ Կնյազյանը: Ավարտել է Ճարտարապետության և շինարարության ինստիտուտը: Նաև զբաղվում է երաժշտությամբ: Պարոն Կնյազյան, հայրենի՞ք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Ինձ թվում է՝ այդ հարցը շատ նման է այն հարցին, որ երեխային հարցնում են՝ մամային ես շատ սիրում, թե՞ պապային: Եվ այդ խեղճ երեխային թյուրիմացության մեջ են գցում: Եվ հայրենիք, և մայրենիք, ես ընդհանրապես կամփոփեի՝ ընտանիք: Մայրենի լեզուն ու հայրենի հողը, ինձ թվում է, չի կարելի տարանջատել: Եվ տարբեր մշակույթներում, ինձ թվում է, տարբեր կերպ է դա հնչում: Ռուսների մոտ Мать родина է, մեզ մոտ՝ Հայրենիք: Ես գտնում եմ՝ երկուսը իրար հետ, որովհետև յուրաքանչյուր պահի դու տարբեր էմոցիաներ ես վերապրում քո սեփական հողի նկատմամբ: Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Ես ինքս բնիկ Երևանից եմ: Ծնողներիս մի կողմը Աշտարակի շրջանի Կոշից են, մյուս կողմը՝ Կալինինոյից: Ինչքանո՞վ է կարևոր, իհարկե, շատ կարևոր է, բայց դա շատ գլոբալ թեմա է: Կարելի է ասել՝ դա բավական ցավոտ թեմա է այն իմաստով, որ մենք շատ ենք սիրում միշտ ասել, որ հայրենիքն ամենակարևորն է, մենք պետք է սիրենք մեր հայրենիքը: Դրանք պարզապես բառեր են, իսկ հայրենիք սիրելն այն է, որ պետք է իմանալ սեփական պատմությունը: Այսինքն՝ պետք է չզլանալ սովորել սեփական պատմությունը: Արմատները ճանաչելը, ինձ թվում է, հայրենասիրության ամենաառաջին կետն է, որից պետք է ստարտ վերցնել ու գնալ այդ ճանապարհով: Ճանաչել պատմության մեջ ամեն ինչ, անգամ մշակույթը և արվեստը: Պայմանական օրինակներ կարող եմ բերել, օրինակ՝ Ռուսաստանում քայլում ես, տեսնում ես չորս չեչեն փողոցում կանգնած իրենց ազգային պարերն են պարում, լցվում եմ հպարտությամբ իրենց համար: Եթե մենք այսօր դուրս գանք փողոց ու մեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին խնդրենք՝ մեր ազգային պարը կպարե՞ք, ես շատ խիստ կասկածում եմ, որ կպարեն: Ինձ թվում է, որ հայրենասիրություն սերմանելն ու սովորեցնելը, պատմությունն ամեն օր պատմելը դա յուրաքանչյուր ծնողի գործն է իր երեխայի նկատմամբ: Կներկայանցե՞ք, ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Ես Խորհրդային միության ժամանակահատվածում ծնված մարդ եմ: Ճիշտն ասած, մինչև հիմա հպարտանում եմ դրանով: Իմ մանկությունն անցել է շատ անհոգ, որովհետև այն մարդիկ, ովքեր հիշում են խորհրդային տարիները, իրենք կհիշեն, թե ինչքան բարի էր ամեն ինչ, առանց բարդությունների ու հոգսերի: Մենք շատ բաներից որպես երեխաներ զրկված ենք եղել, օրինակ, ի տարբերություն այսօրվա երեխաների, խաղալիքներ ու համակարգիչներ չենք ունեցել: Եթե հիշում եք, ամբողջ «Մանկական աշխարհում» խաղալիքների բաժնում մի տեսակի գռուզավիկ էր վաճառվում՝ ժեշտից: Բայց մենք այդ ժեշտից գռուզավիկով շատ երջանիկ երեխեք էինք: Խորհրդային միությունը մեզ սովորեցրել է մտածել, դուրս գալ յուրաքանչյուր բարդ իրավիճակից, ինչի համար ես շատ շնորհակալ եմ այդ տարիներին: Պատանեկությունս անցել է բակում, էլի շատ հպարտ եմ դրանով, բակում մենք սովորել ենք այսպես ասած выживать, և դա մեզ կրթել ու սովորեցրել է պինդ լինել: Եվ երբ ես համեմատում եմ այսօրվա հետ, տեսնում եմ՝ ինչքան քիչ են երեխաները բակում խաղում: Դա շատ վատ է, իմ երեխեքը անգամ բակում չեն խաղում, որովհետև նորագույն տեխոնոլոգիաներն իրենց գործն անում են: Իսկ երիտասարդությունս մեկ բառով կարող եմ նկարագրել՝ խենթ երիտասարդություն եմ ունեցել: Իմ երիտասարդության տարիների ամեն օրը առանձին հոլիվուդյան ֆիլմ է եղել: Ես երիտասարդության շրջանում անիմաստ ու միապաղաղ օր չեմ ապրել: Դա ինստիտուտի տարիներին էին, որտեղ մենք ռոք խումբ էինք հավաքել, նվագում էինք, զբաղվում էինք ճարտարապետությամբ, ճամփորդում էինք, շատ լավ իմաստով խենթ երիտասարդներ էինք, ինչի շնորհիվ մենք այն ենք, ինչ այսօր կանք: Ո՞րն է ձեր կյանքի կարևոր դասը, որը քաղել եք: Ես չեմ կարող հիմա կոնկրետ ինչ-որ դեպք նշել, որովհետև կյանքը բաղկացած է բազմաթիվ դրվագներից: Ինձ համար յուրաքանչյուր իրավիճակ, որում ես գտնվում եմ, համարում եմ կյանքի դաս: Եթե մարդ կարողանում է ինքն իր վրա աշխատել ու յուրաքանչյուր օրից քաղել իր դասը, որ վաղը-մյուս օրը չկրկնի, շատ լավ է: Այստեղ խնդիրն այլ է՝ իսկ արդյոք դու կարողանո՞ւմ ես գիտակցել քո սխալները, որ վաղը չկրկնես: Սա ամենաբարդ խնդիրն է, և ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ, եթե կարողանա իր սխալներն ընդունել, դա շատ կարևոր է, որովհետև յուրաքաչյուր գործ իր համար շատ հաջողված կլինի: Ինձ թվում է՝ դասեր ես ամեն օր եմ քաղում կյանքից: Եթե խոսենք կրթության խնդիրներից Հայաստանում և արտերկրում, որո՞նք են տարբերությունները, ի՞նչ խնդիրներ ունի մեր կրթական համակարգը: Նորից վերադառնալով մեր երիտասարդության տարիներին՝ ուզում եմ համեմատել այն կրթությունը, որը մենք ենք ստացել, և այն կրթությունը, որն այսօր կա: Շատ տարբեր են: Մեր ժամանակ մենք շատ բաներից զրկված էինք, չկար ինտերնետ, գրադարանները համարյա դատարկ էին, բայց մի բան կար՝ սովորելու ահռելի ցանկություն: Ու մենք այդ խենթ տարիներին ամեն օր կրթվում էինք, հավաքվում ու մեկ գրքով ամբողջ կուրսով սովորում էինք: Նպատակներ կային, որոնց ուզում էինք հասնել: Այսօր շատ-շատ են հնարավորությունները: Ես կարծում եմ, որ ինչքան ժամանակակից տեխնոլոգիաները մեզ օգնում են, նաև մի քիչ էլ խանգարում են: Կարող եմ օրինակ բերել: Երիտասարդները, ովքեր շատ առաջադեմ են ու բավականին բանիմաց, գիրք գրեթե չեն կարդում, իսկ գիտելիքի առաջին բազան գիրք կարդալն է, ինչը մենք ժամանակին շատ էինք անում: Բայց խնդիրը միայն դրանում չէ: Մեզ թվում է մենք շատ բան գիտենք, բայց մի պահ պետք է կանգնենք ու ասենք՝ չէ, բայց մեզ պետք է սովորել, իմանալ դրսում ինչ է կատարվում, գնալ դրսում սովորել: Կրթական համակարգը բավական ցավոտ թեմա է ինձ համար, ես ամեն ինչով կուզեմ օգտակար լինել, ներդրում ունենալ կրթական համակարգի մեջ: Այդ իսկ պատճառով մեր կազմակերպությունը նախագիծ ունի, կես տարվա կուրս է, կոչվում է «Արխանգել սքուլ», նախատեսված է որպես ալտերնատիվ ճարտարապետական դպրոց բոլոր ցանկացողների համար, ովքեր այլ կերպ կարող են նայել խնդրին: Մենք մեր փորձը կիսում ենք մարդկանց հետ, որովհետև ես համարում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք կարող ենք պատմել մեր անցած ճանապարհի մասին: Սեպտեմբերից ուզում ենք իրականացնել նաև մեծ ծրագիր և մտնել կրթական համակարգ, մեր մասով կփորձենք մեր պատմությունը պատմել և ինչ-որ կերպ օգտակար լինել: Մենք գտնում ենք, որ կրթական համակարգի մակարդակը բարձրացնելու համար առաջին քայլն այն է, որ պետք է արտերկրի փորձն ուսումնասիրել: Այն, ինչ կատարվում է այսօր Եվրոպայում, ԱՄՆ-ում ու տարբեր երկրներում, ես կարող եմ ասել, որ մեր ոլորտում մարդիկ անհավանական հաջողությունների են հասնում մի բանի շնորհիվ՝ կրթության: Մենք այսօր պետք է պայքարենք, կռիվ տանք ու ամեն ինչ անենք, որ մեր կրթական համակարգի որակն օրեցօր բարձրանա: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն: Անկեղծ ասած, լավ իմաստով շատ զարմացած եմ վերջին իրադարձությունների կապակցությամբ: Իշխանափոխության մասին եմ խոսում, երբ բոլորը համախմբվեցին, որոշեցին համատեղ քայլ անել: Դա շատ ուրախացնում է, որովհետև հայերի մոտ միշտ մի պիտակ կա, որ մենք անհատներով ենք շատ հայտնի ու ինչ-որ հաջողության հասնում, թիմային ինչ-որ բան չենք կարողանում անել: Ես գտնում եմ, որ վերջին իրադարձությունները լրիվ կոտրեցին այդ լեգենդները, և ստացվեց, որ ամբողջ Հայաստանը մի մեծ թիմ է: Ես կարծում եմ, որ այս ժողովրդին, որի մի մասն եմ ես, հինգ բալանոց սանդղակով հինգ կարելի է նշանակել: Եվ ես չեմ ուզում անցյալ գնալ, կա այն, ինչ այսօր կա: Մենք ունենք հասարակություն, որը կարողանում է յուրաքանչյուր հարցի ժամանակ իրար կողքի կանգնել: Մենք շատ ուժեղ ենք և դա ապացուցեցինք: Այս հասարակությունը խնդիրներ ունի, բայց դրանք խնդիրներ են, որոնք կլուծվեն, ոչինչ, դրա համար ժամանակ  է պետք: Ես շատ հպարտ եմ այս հասարակությունով, հատկապես որ վերջապես բոլորս հասկացանք, որ մեզ հեշտ չէ ջարդել, մենք իրար հետ ենք, իրար կողքի: Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»: Ես ուզում եմ այս հարցին այսպես պատասխանել՝ միշտ չէ, որ դիագնոզը ճիշտ է, անգամ եթե այն հաստատված է ինչ-որ հետաքրքիր սարքերով և այլն: Լրիվ ուրիշ խնդիր կա ինչ-որ հարց լուծելու համար, առաջինը՝ հավատ, ներշնչանք ու վստահություն: Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ և հիանում եմ այն վստահությամբ, երբ մարդիկ հստակ դիագնոզ ունեն, բայց հավատքի շնորհիվ բուժվել են ու գնացել առաջ: Խնդիրը հավատքի և վստահության մեջ է: Ես դիագնոզներին մի քիչ չեմ հավատում, փորձում եմ ներքին աշխարհով լուծել հարցերը, ոչ թե հստակ ինչ-որ բժշկական տերմիններով: Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ եթե մարդ հստակ հավատա, թե ինչի է ուզում հասնել և կոնկրետ նպատակ ունենա, միանշանակ իրեն ոչ մի բան չի խանգարի: Իսկ դրա համար արդեն կարևոր չէ՝ նրա մոտ անգինա է, թե ինչ է: Որո՞նք են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ պետք է անել դրանց լուծման համար և ինչպե՞ս անել: Հայաստանի այսօրվա խնդիրները շատ են, բայց դա Հայաստանի հարցը չէ, ժամանակի հարց է: Ես չեմ ուզում գնահատականներ տալ այսօրվա իշխանությանը, ժողովրդին: Մենք շատ ենք սիրում դժգոհել, բողոքել իրարից, հարևանների մասին վատ բաներ պատմել, անալիզ անել, հետ գնալ և ասել՝ էս ինչ վատ է: Վատ է լինում միայն այն դեպքում, երբ դու անընդհատ վատից ես խոսում: Լավ է լինում այն դեպքում, երբ լույսից ես խոսում: Չի մթնում, երբ լույսից ես խոսում: Իսկ մենք անընդհատ խոսում ենք՝ էս ինչ վատ է: Նոր իշխանություն է գալիս, մեկ տարի չանցած սկսում են դժգոհել: Հին իշխանություներն էլ են լավ բաներ արել իրենց օրոք, բայց մեկ է, բոլորը դժգոհում են: Ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծել, լավատեսություն պետք է ունենալ, պետք է ադեկվատ լինել ու ձգտել վաղվա օրվա մասին մտածել: Չպետք է միայն բառերով ասել՝ մենք հայրենասեր ենք, հարցեր ենք ուզում լուծել, այլ պետք է փորձել անել ինչ-որ գորոծողություններ: Շատ կցանկանամ, որ տարիներ անց շատ խոսող ու բամբասող մարդիկ սկսեն գործ անել: Եթե յուրաքանչյուր մարդ իր տան դիմացի միջանցքը մաքրի, մենք արդեն մեծ հաղթանակ կունենանք: Մենք միայն սիրում ենք մեր դռնից ներսը սարքել ու մեզ լավ զգալ: Ինձ թվում է՝ մենք պարզապես պետք է սովորենք յուրաքանչյուրս մեր դիմացը մաքրել՝ առանց իրար նեղացնելու ու վիրավորելու, որ դեպի մեզ մուտքը լինի մաքուր: Դա ամենամեծ խնդիրներից մեկն է: Այդ խնդիրների լուծման համար պարզապես պետք է ունենալ հավատք ու մի քիչ սպասել: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, սա ժամանակի հարց է: Չկա մարդ, ում ես կմեղադրեմ, թե ինչու այսպես եղավ: Ամեն ինչ ունի իր բնականոն ընթացքը: Անհատնե՞ր, թե ինստիտուտներ, որը զարգացնել: Ես միանշանակ մտածում եմ՝ ինստիտուտներ, որովհետև հայերի մոտ անհատ զարգացնելը շատ լավ է ստացվում: Մենք տաղանդավոր ազգ ենք, այդպես ենք ծնվում, մեր գեները լավն են: Մենք խնդիր ունենք ինստիտուցիոնալ մտածելակերպի, ես գտնում եմ, որ այսօր եկել է դրա ժամանակը, որովհետև այն երիտասարդ սերունդը, որն այսօր Երևանի փողոցներում ման է գալիս, իր ձեռքերում է մեր ապագան: Իսկ այդ սերունդը շատ ուժեղ է: Իրենք շատ կրթված են, շատ առողջ են, չեն ծխում, չեն խմում, իրենք սպորտով են զբաղվում, ֆանտաստիկ սերունդ է: Այս սերնդի ձեռքին է ապագան, և այդ սերունդը պետք է ինստիտուցիոնալ մտածելակերպի ձգտի: Անհատ իրենք արդեն կան, փողոցում հանդիպած յուրաքանչյուր հայ երիտասարդի կարելի է սարքել համաշխարհային մակարդակի, որովհետև ինքն այդ պոտենցիալն ունի: Բայց շատ դժվար է ինստիտուցիոնալ մտածելակերպ ձևավորել հայ ազգի մեջ: Այսինքն՝ ուղղեմ ինձ՝ դժվար էր, հիմա այլևս դժվար չէ: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերնդի առաջ: Ես վստահ եմ՝ ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակել են հայրենասեր և լավ մարդ: Երբ որ մեր կազմակերպություն գալիս են հարցազրույցի, որ ընդունվեն մեզ մոտ աշխատանքի, ես մի բան եմ ասում կարևոր՝ մասնագիտությունը մենք քեզ կսովորեցնենք, անգամ կարող ես փորձ չունենալ, ինձ պետք է դու լավ մարդ լինես: Լավ մարդ դաստիարակելը յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է: Ես կարծում եմ՝ մենք պետք է նոր սերնդին սովորեցնենք լինել լավ մարդ, հայրենասեր: Ես իմ հորն եմ շնորհակալ, որ դաստիարակել է ինձ հայրենասեր, մորս, որ օր ու գիշեր աշխատել է քրտնաջան իմ մարդ տեսակի վրա, իմ կնոջը, ով չի թողնում թուլանամ ու կորցնեմ զգոնությունս: Ես այդ ուղղությամբ այսօր աշխատում եմ իմ երեխաների վրա, արդեն ինձ մոտ մեծ հաջողություններ կան, իմ 14 տարեկան տղան հանգիստ ասում է՝ ես ուզում եմ գնամ ծառայեմ ու գամ, իմ 5  տարեկան աղջկան երբ հարցնում են՝ ի՞նչ է անունդ, ասում է՝ Շուշան Հայաստան: Դա արդեն մեծ հաղթանակ է՝ սերնդին փոխանցել սեր դեպի հայրենիքը: Ի՞նչ եք անում դուք ամեն օր Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Մենք աշխատատեղեր ենք ստեղծում, օրեցօր փորձում ենք զարգացնել ոլորտը, ինձ թվում է՝ դա էլ քիչ բան չէ: Չեմ ուզում խոսել այն փոքր բարեգործական նախագծերի մասին, որոնք անում ենք, բայց ամեն օր հայրենիքի համար աշխատելն արդեն մեծ բան է: Մենք չենք փախչում այս երկրից, աշխատում ենք հայրենիքի համար: Ես շատ կողմ եմ, որ մարդը գնում է դուրս սովորելու, ես կողմ կլինեմ, եթե իմ որդին էլ սովորի դրսում, բայց պետք է վերադառնան ու փորձը մեզ փոխանցեն: Մեզ փորձ է պետք, դրա համար մեզ պետք է դուրս գալ ու հետ գալ, իսկ դա մեր երիտասարդ սերունդը պետք է անի, ինչը և անում է: Այսօր ես գտնում եմ, որ մենք Հայաստանի այն երջանիկ իրականությունում ենք, որից չպետք է դժգոհենք: Այսօր շատ լավ վիճակում ենք, ունենք շատ ուժեղ սերունդ՝ դրսում սովորած կամ նոր կգնան կսովորեն, և մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ: Ոչ ոք մեզ չի սահմանափակում, չի ասում՝ սա մի արա: Ինչ ուզում ես արա, միայն արա հայրենիքիդ համար: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի  ձեր կոնցեպտը: Ես ուզում եմ շատ կոնկրետ ու հստակ լինեմ, չեմ ուզում հեքիաթներից խոսեմ, որ Հայաստանը պետք է դառնա հին ժամանակաշրջանի մեծ Հայքի նման: Դա ցանկություն է, բայց ռեալ չէ: Իսկ ռեալից խոսելով՝ կասեմ՝ փոքր տան մեջ մարդ կարող է շատ ավելի երջանիկ ապրել, քան հսկա դղյակներում: Ունենք այն, ինչ ունենք, մեր Հայաստանն է՝ իր չափերով, հարցը չափերի մեջ չէ: Ես շատ փոքր պետություններ եմ ճանաչում, որտեղ մարդիկ երջանիկ են ապրում: Հարցը ներքին աշխարհի մեջ է: Տիգրան Մեծի ժամանակաշրջանում, ցավոք սրտի, ոչ մեկս չենք եղել, այդ ամենը մեզ մի քիչ հեքիաթային ու ճոխացված է հասել: Այն ժամանակ էլ մարդիկ մեծ դժվարությամբ էին ապրում: Բայց վստահ եմ, որ մի բան հաստատ այն ժամանակ եղել է՝ ատամներով պահել հայրենիքը: Եթե մենք այսօր զարգանանք, բայց մեր գերխնդիրը լինի ատամներով հայրենիքը պահելը և դրանով հպարտանալը, ինձ թվում է Տիգրան Մեծը վերևներից կնայի մեզ ու կասի՝ հալալ է ձեզ, սա էր ձեզ պետք, դուք արեցիք: Դրանից ավելի բան մեզ պետք չէ անել: Ի՞նչ պետք է լսեն կամ դիտեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք: Ես միանշանակ խորհուրդ կտամ լսել Ռուբեն Մաթևոսյանի «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը: Ինչո՞ւ, որովհետև դա այն մեծ գործերից է, որի մեջ կա ամեն մի բառը, որը ես ասացի այս հարցազրույցում: Իր ենթատեքստով այդ երգն ամեն ինչ ասում է: Այդ երգը բարության, լավատեսության ու հավատքի մասին է, որ մենք պետք է լավ ապրենք: Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
08-06-2019 18:38