Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբին

12-06-2019 09:49

Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական հետազոտությունն իրականացնող խմբին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: ՀՀ կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրվել հայկական ընկերությունների մրցունակության աճի, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման և մի շարք այլ ուղղություններով հետազոտական խմբի առաջարկությունների վրա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին, ինչի համար հատկապես կարևոր է կիրառական գիտությունների ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործումը ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ պետական կառավարման համակարգում: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված կրթության, գիտության և տնտեսության ոլորտների փոխկապակցվածության զարգացմանը, ինչպիսին է, մասնավորապես, «Աշխատիր Հայաստան»-ը, ուստի փորձագիտական խմբի եզրակացությունները կարող են օգտակար լինել այդ ծրագրերը կատարելագործելու առումով: Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ: Մասնակցիներն անդրադարձել են միջազգային լավագույն փորձի և Հայաստանի հնարավորությունների համադրմանը, ինչը կարող է ծառայել երկրի տնտեսական և գիտակրթական կարողությունների մեծացմանը:

Lragir.am,
12-06-2019 09:49