Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տաջիկստանի դեսպանին

12-06-2019 09:59

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին: Դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ: Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական  տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, արտահանվող  հիմնական ապրանքները և ուղղությունները, համադրելի հնարավորությունները և համագործակցության հնարավոր ոլորտները: Դեսպանը նշել է, որ հեռանկարային ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ Տաջիկստանի գործարարները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել: Կողմներն անդրադարձել են փոքր և միջին ձեռներեցության ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններին: Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ իրենց շատ է հետաքրքրում հայաստանյան չրարտադրության ճյուղը և տեղեկացրել, որ շուտով Տաջիկստանի ամենամեծ համայնքներից մեկից գործարար պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ ուսումնասիրելու Հայաստանի հաջող փորձը:

Lragir.am,
12-06-2019 09:59