Գյումրին մեր տունն է, պետք է վերակառուցենք մեր տունը․ Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Գյումրիում էր

12-06-2019 10:48

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել քաղաքի պատմական կենտրոնում: Իտալացի հյուրերին ներկայացվել են քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ու զարգացման ծրագրերը: Պատասխանելով գյումրեցի լրագրողների հարցերին՝ նախագահը տեղեկացրել է, որ դեռ ամիսներ առաջ Իտալիայում՝ Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայում ունեցած հանդիպման ժամանակ նրանց ներկայացուցիչներին հրավիրել է Գյումրի: Նախագահը նշել է, որ այդ հրավերի իմաստը շատ պարզ է՝ վերադարձնել կյանքը Գյումրի, և, իհարկե, պահպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը, իսկ նպատակը՝ նրանց հետ համատեղ Գյումրիի վերականգնումն է: «Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք: Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող: Գյումրին մոռացված գանձ է,-ասել է նախագահը:-Իտալիան հսկայական պատմական ու մշակութային ժառանգություն ունեցող երկիր է: Իտալացիները մշակույթը պահել ու գնահատել գիտեն: Հետևաբար, նրանց այցը կարևոր է, եթե ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակույթի կենտրոն»: Նախատեսվում է, որ իտալացի գործարարների առաջին այցելությանը կհաջորդի արդեն աշխատանքային խմբի այցը՝ գնահատելու համար, թե ինչ աշխատանքներ է հնարավոր իրականացնել: Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակից լինել և նպաստել Գյումրիի զարգացմանը.« Ես տեսնում եմ քաղաքի ներուժը, և կա կարևոր հանձնառություն՝ քաղաքի ապագան դարձնել շատ ավելի լավը»: Իտալիայի երկրորդ ամենախոշոր շինարարական ընկերության՝ Rizzani de Eccher-ի ներկայացուցիչ Անդրեա Ռոմանին ընդգծել է, որ, որպես կառուցապատող ընկերություն, իրենք հետաքրքրված են մասնակցել քաղաքի վերականգնման գործին և իրենց դերն ունենալ Գյումրիի կյանքում: «Մենք հասկանում ենք, որ սա շատ կարևոր հարց է երկրի համար: Պատրաստ ենք մյուս իտալական ընկերությունների հետ մտածել լիակատար աջակցության, ծրագրերի, այս գեղեցիկ քաղաքը զարգացնելու մասին: Հուսով ենք դա անել շուտ՝ մեր նոու հաուի, ռեսուրսների, գիտելիքի ու իտալական ոճի ու դիզայնի միջոցով»,-ավելացրել է նա: Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանին ներկայացվել են քաղաքի զարգացմանն ուղղված նաև այլ ծրագրեր: ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է հիմնադրամի ‹‹Մեր Գյումրի›› ծրագրի իրականացման վայր, դիտել տարածքը: Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինությունների հիմնովին վերականգնում, ինչը հնարավորություն կտա բնակարանով ապահովել տնակներում ապրող սոցիալապես անապահով մի քանի տասնյակ ընտանիքների: Մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև Սև բերդ, որը գործում է որպես մշակութային կենտրոն, ինչպես նաև ծանոթացել զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի:

Lragir.am,
12-06-2019 10:48