Եթե դա լավ բան է, Բակո Սահակյանն ու մյուսները պետք է հայտարարեն՝ լավ արեցինք, որ հանձնեցինք 800 հեկտարը, մենք հերոս ենք

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Պարոն Արշակյան, ինչո՞վ են պայմանավորված Արցախում այս հրաժարականների շքերթը, նոր նշանակումները: Արդյոք փորձ է արվում Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում հստակություն մտցնել, և դրանո՞վ էր պայմանավորված Վիտալի Բալասանյանի պաշտոնից հեռացումը: Ես կարծում եմ, որ Արցախը արհեստականորեն շատ էին կտրել մայր Հայաստանից: Արցախը բդեշխությունից դարձել էր անկառավարելի տարածք: Իրականում դա իսկապես պառակտություն էր 1988-ի միացման մեծ շարժումից հետո: Թվում էր՝ այլևս երբեք չի լինի արցախցի, գյումրեցի, վանեցի, սասունցի, մենք բոլորս հայ ենք և ՀՀ քաղաքացիներ, բայց մեզ դարձրեցին երկու պետությունների քաղաքացիներ: Հայաստանի և Արցախի միջև սահման կա, անցակետ կա: Իհարկե, այն մարդիկ, որ կազմակերպեցին Արցախում Հայաստանի Սահմանադրությունից էապես տարբերվող հատուկ Սահմանադրություն, սահմանի վրա պոստ դրեցին, այդ մարդիկ մնացել են իշխանությունում: Այսինքն համահայկական հեղափոխությունը, որը պետք է տարածվեր նաև Սփյուռքի վրա, պարզվում է, որ Արցախում դա համարվել է իրենց դոնոր պետության, իրենց սպոնսոր ու հովանավոր պետության՝ Հայաստանի ներքին գործը: Իրենք իրենց հին կյանքով ապրում են: Այսինքն  ձևավորվում է այլընտրանքային պետություն, այլընտրանքային իշխանություն, այլընտրանքային Սահմանադրություն ու դատարան, այլընտրանքային զինված ուժեր և այլընտրանքային կարծիքներ հայրենիքի, հայրենասիրության, մշակույթի, հայկական ինքնության վերաբերյալ: Ասում են՝ մենք այսպես ենք մտածում, մենք այսպիսի արժեքային համակարգ ունենք: Կարծում եմ՝ հեղափոխությունը պետք է համահայկական լիներ: Հիմա հարցը դրված է այսպես՝ Հայաստանն առա՞ջ է գնալու, թե դոփելու է տեղում: Կադրային փոփոխությունները դրա մասին են: Եթե Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը առաջընթացի են տանելու մեր ժողովրդին, ուրեմն նրանք միասին են, նրանք հաղթել են: Իսկ եթե նրանցից որևէ մեկը հետադիմություն է, ուզում է, որ վերադառնան կոռուպցիան, Եվրասիան, ուզում է վերադառնա կախվածությունը, տարանջատումը, պառակտությունը, ուրեմն նրանք պետք է հեռանան: Ես կարծում եմ՝ խնդիրն այդպես է դրված: Սա պարի մրցույթ չի: Ինչպե՞ս եք գնահատում Արցախում կադրային վերադասավորումները: Նրանք չեն պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվել, անհամարժեքություն, ոչ ադեկվատություն կա: Բանտում անազատության մեջ գտնվողների ակցիաները, ինչ-որ համերաշխության սև ու սպիտակ շորերի, հագուստների, ցույց է տալիս, որ ոմանք ինչ-որ երազանքներ ունեն, որ օրացույցը հետ է վերադառնալու, երկիրն այլ ուղղությամբ է պտտվելու: Այդպիսի ծրագրեր կան, և մարդիկ դրանից չեն հրաժարվում: Նրանք չեն հասկանում, որ ժամանակն անցել է: Արդեն մեկ տարի անցել է այն ժամանակներից, երբ այդ մարդիկ 800 հեկտարը հանձնում էին անպատիժ: Հանձնել են 800 հեկտարը: Նրանք  Հայաստանի և Արցախի միջև սահման են դրել, պոստ են դրել անպատիժ: Արցախցիները համաձայն են, որ իրենց դուրս են թողել բանակցություններից: Լևոն Մնացականյանը, Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանը, որոնք հավատարիմ են հին կարգերին, համարում են, որ լավ բան է եղել, իրենք լավ բան են արել: Մտածում են, որ լավ է, որ Արցախը դուրս է մնացել բանակցություններից, սահման է դրվել, որ 800 հա հանձնվել է, որ Արցախը տնտեսական ճգնաժամի մեջ է, մեծ գործազրկություն կա, կոռուպցիա կա, որ փողերը, որ Սփյուռքից գալիս են Արցախ, հետո վերադառնում են Հյուսիսային պողոտա, Սայաթ Նովայի փողոց, որտեղ դառնում են ճոխ բնակարաններ, վիլլաներ Երևանի մերձակայքում: Այդ փողն Արցախից հետ է գալիս Երևան, գուցե Փարիզ ու Լոնդոն էլ է գնում, մենք չգիտենք: Եթե դա լավ բան է, պետք է հայտարարել՝ լավ արեցինք, որ հանձնեցինք 800 հեկտարը, մենք հերոս ենք: Իսկ եթե ոչ, ուրեմն պետք է լինի պատասխանատվություն: Նրանք գիտեն, որ այդ զտում կոչվածը գալու է հասնի այդ 800 հեկտարին, գալու է հասնի նաև ֆինանսական հաշվետվությանը, հասնելու է նրան, որ հարցադրում արվի, թե ինչպես եղավ, որ հայկական պետության մեջ պոստ դրվեց: Հայաստանում նույնիսկ ճանապարհային ոստիկանության պոստերն են արգելված, իսկ Արցախում պոստ է դրված, կանգնեցնում, մաքսազերծվում են անում, անձնագիր են ստուգում: Բա դրա համար իրենց չարժի՞ պատասխանատվության ենթարկել, հարցնել՝ էս ի՞նչ եք անում: Հենց դա է իրենց անհանգստացնում, որ հարցնելու են: Այսինքն՝ նրանք չե՞ն հաշտվում ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության հետ:   Նրանք ոչ թե չեն հաշտվում, այլ ընդդիմանում են: Նրանք հայտարարում են՝ մենք պաշտպանում ենք այդ համակարգը հաստատողի շահերը, մենք նրա կողքին կանգնած ենք, նույնիսկ ամբաստանյալի նստարանին ենք նստում: Հայաստան պետության մեջ, փաստորեն, կա քրեաօլիգարխիկ իշխանություն, մի մարզում  այդ իշխանությունը դեռևս շարունակում է իր գոյությունը: Երբ կփոխվի, ես չգիտեմ: Իսկ Աբովյանի ընտրություններից հետո արդեն մենք պետք է մտածենք, որ դա կատակ չէ, որ Հայաստանում երկիշխանության սպառնալիքը կա: Երկիշխանություն նշանակում է պետականության կորուստ: Նշանակում է այլընտրանքային իշխանություն, այլընտրանքային Սահմանադրություն, այլընտրանքային հայեցակարգ պետականության մասին չպետք է լինի Հայաստանում: Հայաստանում պետք է լինի մեկ պետություն, տարբեր մարզեր, տարբեր տարազներ, տարբեր երգուպար, բայց մեկ պետություն և մեկ հայրենիք: Դա է խնդիրը, հիմա Արցախը մեր հայրենի՞քն է, թե մեր հայրենիքը չէ: Մեր հայրենիքն է Արցախը, ուրեմն նույն Սահմանադրությունը, նույն ժողովրդավարությունը, նույն ազատությունները պետք է հասնեն արցախցիներին: Նրանք նույնպես պետք է ազատ լինեն քրեաօլիգարխիկ իշխանություններից ու համակարգից:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
12-06-2019 10:45