Վերաքննիչում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

12-06-2019 00:19

ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Դատարանի դահլիճում ներկա է ամբաստանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը: Դատաքննությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հավաքվել են Քոչարյանի աջակիցները և նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք: Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, քաշքշում միմյանց: Ոստիկանության ծառայողները փորձում են վերահսկել իրավիճակը և պահպանել կարգուկանոնը:

Lragir.am,
12-06-2019 00:19