Հայկ մարությանն անդրադարձել է 46 համարի միկրոավտոբուսի վարորդի ու տրանսպորտի խնդիրների մասին

12-06-2019 13:48

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծխելու ու վատ պահվածքի պատճառով 46 համարի միկրոավտոբուսի վարորդին աշխատանքից ազատելու հարցին: Նա նշեց, որ գծատերը մասնավոր ընկերություն է, Երևանի քաղաքապետարանն իարավունք չունի միջամտելու կայացրած որոշումներին: Դիտարկմանը, որ այդ ընկերությունը կարող է զրկվել լիցենզիայից, քաղաքապետը պատասխանեց․ «Այսօր շատ ու շատ մասնավորներ գալիս են, ասում են՝ խնդրում ենք, սիրելի քաղաքապետարան, վերցրեք գիծը մեզանից, մենք չենք ուզում գիծը սպասարկել: Այսինքն՝ եթե այսօր ասում եք, որ մենք զրկում ենք լիցենզիայից այս գիծը, դա իրենց համար նվեր է»: Նմանօրինակ խնդիրները կարգավորելու համար, ըստ Մարությանի, երկու ճանապարհ կա՝ առաջինը պետությունը պետք է  տուգանքների ու տույժերի միջոցով զսպող մեխանիզմ կիրառի: Բայց սա մինչև վերջ չի աշխատում: Ըստ քաղաքապետի՝ մեկ միլիոն մարդու ոչ մի գերատեսչություն չի կարող մինչև վերջ հետևել: «Հետաբար, մենք ինքներս պետք է փոխվենք: Հանրային տրանսպորտն այս պահին 90 տոկոսով մասնավորին է պատկանում: Ես անձամբ այս սխեմային դեմ եմ, գտնում եմ, որ մեծամասամբ ոլորտը պետք է կառավարի համայնքն ու պետությունը: Եվ մեր նոր ծրագրով, որն արդեն ներկայացրել ենք կառավարություն, այդտեղ մեր պատկերացմամբ մեծամասամբ տրանսպորտային գծերը համայնքինն են:  Գծատերերն էլ վերջին տարվա մեջ ոչ մի ներդրում չեն անում, իրենք էլ սպասում են նոր ծրագրին»,- ասաց նա: Երևանում, ըստ քաղաքապետի, այսօր 900 միկրովտոբուս է շահագործվում, մյուս տարի դրանցից 450-ը կդառնան 15 տարեկան: Այսինքն՝ արդեն այսօր դրանց շահագործումն արգելվում է: Սա, Հայկ Մարությանի խոսքով, խոսում է այն մասին, որ գծատերերը ոչ մի ներդրում չեն անում ոլորտում:

Lragir.am,
12-06-2019 13:48