Նյարդայնացնում է Արմեն Սարգսյանի համառությունը. ճակատը չի բացվում

Իտալական RIZZANI DE ECCHER հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում, ինչի մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչը քաղաք կատարած այցի շրջանակում: Այցը տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ, որը ամիսներ առաջ հայտարարել էր Գյումրու զարգացման հիմնադրամ նախաձեռնելու եւ քաղաքի պատմա-մշակութային նկարագիրը վերականգնելու խնդրին աջակցություն ցուցաբերելու մասին: Արմեն Սարգսյանն այս օրերին գտնվում է քաղաքական աշխույժ թիրախավորման ներքո, ինչի առիթը ՍԴ դատավորի թեկնածուի համար փաստաբան Վահե Գրիգորյանի առաջադրումն է: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իմ քայլը կառավարող մեծամասնությունը մերժեց դատավորի նախորդ երկու թեկնածուներին, որ ներկայացրել էր Արմեն Սարգսյանը: Ակնառու էր, որ մերժումը պայմանավորված էր բացառապես քաղաքական նախընտրությամբ, մինչեւ Սարգսյանն առաջադրեց Վահե Գրիգորյանին՝ կառավարող մեծամասնության նախընտրելի թեկնածուին: Սակայն, ուշագրավ է, թե երբ եւ ինչ պայմանում տեղի ունեցավ դա: Արմեն Սարգսյանը Գրիգորյանի առաջադրման մասին խորհրդարանին հայտնեց մայիսի 20-ի հայտնի իրադարձություններից հետո, ինչը հուշում է, որ խնդիրը բոլորովին այն չէ, որ կառավարող մեծամասնությունը կամ վարչապետը ճնշում է բանեցրել նրա վրա: Արմեն Սարգսյանն ունի այդօրինակ ճնշման չտրվելու բավականաչափ հնարավորություն: Խնդիրն այն էր, որ Արմեն Սարգսյանն առաջնորդվել է իրավիճակի քաղաքական լայն տրամաբանությամբ, որի մասին էր վկայում նաեւ մայիսի 20-ին վարչապետ Փաշինյանի ելույթը: Նախագահ Սարգսյանը, գնահատելով իրավիճակը, կատարեց քաղաքական կարեւոր քայլ՝ ՍԴ դատավորի պաշտոնում ներկայացնելով կառավարող մեծամասնության համար նախընտրելի թեկնածուի եւ չգնալով այդ մեծամասնության հետ «մանկապատանեկան» վեճի, տուրք չտալով այն հանգամանքներին, որոնց հիշատակումով՝ ի դեպ, այսօր թիրախավորվում է Սարգսյանը նախկին իշխող համակարգի շրջանակներից: Մասնավորապես, Սարգսյանին «մեղադրում» են արժանապատվության բացակայության համար, ասելով, թե միայն այդ դեպքում նա կարող էր առաջադրել թեկնածուի, որը նրան համարել է երեսպաշտ եւ ոչ լեգիտիմ: Տվյալ պարագայում, սակայն, հարցի գինը բոլորովին այլ է՝ Արմեն Սարգսյանի հանրային-քաղաքական դերակատարումը, որը նախկին իշխող համակարգին որեւէ կերպ չի ստացվում բերել այն դաշտ, որի հերկման համար նետված են այդ համակարգի գործնականում բոլոր ռեսուրսները կամ մեծ մասը՝ քաոսի կամ դրա տպավորության գեներացիայի դաշտ: Արմեն Սարգսյանը չի գալիս այդ դաշտ: Բերելու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության, ինչի համար էլ գործի է դրվում այսպես ասած «անձնականը»՝ արժանապատվության բացակայությունը: Այլ կերպ ասած, Սարգսյանին «թասիբի» են գցում, կամ փորձում են գցել: Իրականում, նրան փորձում են գցել փոսը, նրա մեջքի վրա հենվելով բարձրանալու համար: Բայց Սարգսյանն առայժմ գերադասում է Հայաստանը բարձրացնելուն ուղղված գործունեությունը, ինչի վկայությունն է թե Գյումրին, թե տարբեր տնտեսական եւ քաղաքական արտաքին շրջանակների հետ Հայաստանին առնչվող հարցերի քննարկումները: Բելառուսի հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանում ընթացիկ կառավարման գործում չունի լիազորություն, սակայն իբրեւ նախագահ իր աշխատանքը կենտրոնացնում է Հայաստանում տեխնոլոգիական զարգացման, արհեստական ինտելեկտի ընդլայնման հեռանկարների ուղղությամբ: Խորքային առումով, Սարգսյանը լայն իմաստով հավասարակշռում է հետհեղափոխական տարածությունը, որն օբյեկտիվորեն հագեցած է նախկին համակարգի բնույթից եկող մի շարք բացերով: Նախկին համակարգին նյարդայնացնում է Սարգսյանի այդ հավասարակշռող դերն ու հավասարակշիռ պահվածքը, վարչապետի դեմ «երկրորդ ճակատ» չբացելու նրա համառությունը: Խորքային առումով, սակայն, Արմեն Սարգսյանը դիտարկվում է որպես մրցակից «երկրորդ բեuեռ»-ի խնդրում, որն անշուշտ Հայաստանում առանցքային, հիմնարար հարցերից մեկն է՝ ո՞վ է լինելու Հայաստանի կառավարող ուժի մրցակիցը: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ներկայացրել է իր հայտը, այն էլ միակ մրցակցի շեշտադրումով: Արմեն Սարգսյանն ինքը չի ներկայացրել որեւէ քաղաքական հայտ, սակայն ունի դրա թերեւս ամենամեծ ներուժը: Իսկ ունի՞ մտադրություն: Սա իհարկե այլ հարց է: Բայց, մյուս կողմից, հետհեղափոխական իրավիճակը հավասարակշռելու Սարգսյանի դերը ունի շատ հստակ ժամկետային սահմանափակում: Նախագահ նա կարող է լինել մինչեւ 2025 թվականը: Մինչդեռ խիստ կասկածելի է, որ այդ ընթացքում Հայաստանում կարող է ձեւավորված լինել հավասարակշռության, հակակշիռների ինստիտուցիոնալ մեխանիզմներով քաղաքական համակարգ, քանի որ դա նաեւ մշակութային բազայի խնդիր է: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ի՞նչ է անելու Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Հրաժարվելու՞ է այլեւս հավասարակշռող դերից, թե՞ անցնելու է արդեն այդ դերի այլ տեխնոլոգիաների կիրառման, մասնավորապես արդեն քաղաքական-սուբյեկտային:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-06-2019 14:33