Վերջը լսեք, կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են. մարզպետ

12-06-2019 14:38

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ մարզում կոկորդիլոսաբուծարանը դեռ չի հիմնվել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա անդրադարձավ նաև կոկորդիլոսների վերաբերյալ իր հայտնի հայտարարություններին, որոնք հասարակության շրջանում քննարկման թեմա են: «Դուք փորձում եք այնպես ներկայացնել, թե մենք չենք տարանջատում թռչնի ձուն այլ կենդանու ձվից: Ես ասել եմ հետևյալը՝ քանի որ մենք չունենք մաքսային կոդ՝ նախատեսված կոկորդիլոսի ձվի մասով, որով ներմուծվում է մաքսային ապրանք, մենք ունենք միայն մաքսային կոդ թռչնի ձվի վերաբերյալ: Եթե մենք չունենք կոկորդիլոսի ձվի մաքսային կոդը, ներմուծվում է թռչնի ձվի տակ, բայց դա կոկորդիլոսի ձու է: Սա է եղել ամբողջ պատմությունը, վերցրել են, դարձրել են մի հատ մեծ․․․»,- ասաց մարզպետը: Դիտարկմանը, որ իր ստատուսներում մարզպետն անդրադառնում էր հարցին, որ կոկորդիոլասը թռչուն է, Գարիկ  Սարգսյանը պատասխանեց․ «Ստատուսներում այլ բանի անդրադարձ է եղել: Եղել է հարցը, թե կոկորդիլոսներն իրենց կյանքի ճանապարհով նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանում: Հիմա ես ավելի շատ կենսաբանի ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել: Կոկորդիլոսն իր ամբողջ էությամբ ու օրգան համակարգերով մոտ է թռչուններին: Վերջը լսեք, կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են: Բայց ես չեմ ասում՝ թռչուն է, սողուն է, երկկենցաղ է, ինչ ուզում եք ասեք, բայց ոչ թռչուն: Օրինակ՝ եթե ինչ-որ ժամանակ որոշ ձկներ թևեր են ունեցել, հիմա նրանք ջրի մեջ լողում են, թեփուկներ ունեն, դա չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ նրանք այլ խմբի չեն դասվել»,- ասաց Գարի Սարգսյանը:

Lragir.am,
12-06-2019 14:38