Ոստիկանության պարզաբանումը Չեխովի փողոցում անչափահասին ծեծի ենթարկելու վերաբերյալ

12-06-2019 17:13

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին: Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել: Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու: Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ու տուժողից հաղորդում ընդունել: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Շենգավիթի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը: Բացատրական աշխատանքների արդյունքում 18-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել: Նախնական տվյալներով՝ երիտասարդները վիճել էին կենցաղային հարցերի շուրջ:

Lragir.am,
12-06-2019 17:13