ԿԳՄՍ-ն շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

12-06-2019 17:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այդ նպատակով  կրթության ոլորտում գործող շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ կայացած հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ակնկալելով դրա վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու դիտողությունները: «Կրթությունը դիտարկում ենք որպես հիմնական իրավունք, այդ իսկ պատճառով կարևորվում է համընդհանուր, հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթությունը: Որպես ոլորտայինքաղաքականության հիմնական թիրախներ՝  նախագծում առանձնացվել են որակյալ կրթության ապահովումը և կրթության մատչելիության ապահովումը: Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում  և նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝  որպես կրթության մատչելիության ապահովում առանձնացնելով նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը, համընդհանուր ներառականության անցումը և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացումը մասնագիտական կրթության հատվածում: «Այս բոլոր թիրախները տեղավորված են 8 բյուջետային ծախսային ծրագրերում՝ նախնական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար՝ հանդիպման կազմակերպիչները հորդորել են նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ պատասխանատուների, կքննարկվեն և հաշվի կառնվեն:

Lragir.am,
12-06-2019 17:30