Ճապոնական օրիգամի 1000 կռունկները հույս ու սեր կտան Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

12-06-2019 18:15

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հունիսի 12-ին կայացավ «Լույսի կռունկներ» ծրագրի շրջանակներում 1000 կռունկների նվիրատվության արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ օրիգամի տեսակի թղթից պատրաստված կռունկները Ճապոնիայում իրենց մեջ երջանկության խորհուրդ են կրում: «Այս կռունկների միջոցով մենք փորձում ենք կենտրոնում բուժում ստացող երեխաներին բերել իրենց երջանկությունը: Պատրաստելով կռունկներ և տրամադրելով դրանք՝ մարդիկ փորձում են իրենց աջակցությունն ու հոգածությունը ցույց տալ երեխաներին»,-նշեց դեսպանը: «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ այն հուսադրում և նորից ուշադրության կենտրոնում է պահում մեր երեխաներին: «Կռունկների մի մասը պատրաստվել է Դիլիջանի դպրոցում, մի մասը «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնում, մի մասն էլ արյունաբանական կենտրոնում կպատրաստվի», ասաց նա: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ, ներկայացնելով ճապոնական օրիգամի կրունկների լեգենդը, նշեց, որ այն նվիրված է Հերոսիմայի և Նագասակիի աղետից հետո լեյկեմիայով հիվանդացած երեխաներին: «Աղետից հետո երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է պատրաստի և ուղարկի տարբեր վայրեր, իսկ հազարերորդ կռունկն ուղարկելուց հետո պետք է առողջանա»,-պատմեց նա: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Lragir.am,
12-06-2019 18:15