Բջջային հեռախոսով խախտումների մասին ահազանգելու նախագիծ կառաջարկվի

12-06-2019 18:39

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսկա Գաբրիելյանն իր գործընկերների հետ ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ է առաջարկում: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հաշվի առնելով բազմահազար քաղաքացիների պահանջը, ՃՏՊ և զոհերի ցավալի վիճակագրությունը, հետիոտների իրավունքները և համակեցության կանոնները կոպտորեն խախտելու վերաբերյալ սոցիալական ցանցերում ամեն օր հրապարակվող ահազանգերը, առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ համատեղ շրջանառության մեջ կդնեմ ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ: Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով (որը կստեղծվի պետության կողմից) վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էկեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի: Առավել մանրամասն՝ մի քանի օրից: Շնորհակալ կլինեմ շահագրգիռ անձանց համագործակցության, առաջարկների ու դիտողությունների համար»: 

Lragir.am,
12-06-2019 18:39