Այսօր Հայաստանի եւ Արցախի վերամիավորման օրն է

1921 թվականի հունիսի 12-ին ՌԿ(բ)Կ կովբյուրոյի պլենումը Հայաստանի կառավարությանը հանձնարարել է Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի կազմում: Հունիսի 19-ին «Խորհրդային Հայաստան» թերթը, հիմնվելով պլենումի որոշման վրա, արձակել է Հայաստանի ժողկոմի դեկրետը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման մասին. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հեղկոմի հռչակագրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունների միջեւ պայմանավորվածության հիման վրա Լեռնային Ղարաբաղը կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը»: 1921 թվականի հուլիսի 4-ին Կավբյուրոյի ընդլայնված նիստին որոշվեց Լեռնային Ղարաբաղը փոխանցել Հայաստանին: Կավբյուրոն հանձնարարեց «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»: Հուլիսի 5-ին, սակայն, Կավբյուրյի նոր նիստ է հրավիրվել, որում Նարիմանովը կոչ է արել վերանայել նախորդ օրվա որոշումը եւ հարցը լուծել Ադրբեջանի օգտին: Նիստի արդյունքներով ընդունվել է հետեւյալ որոշումը. «Ելնելով մուսուլմանների ու հայերի միջև ազգային խաղաղության և Վերին ու Ներքին Ղարաբաղների տնտեսական կապի անհրաժեշտությունից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից՝ Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրՍԽՀ սահմաններում՝ նրան տրամադրել մարզային լայն ինքնավարություն Շուշի վարչական կենտրոնով»: Այսպիսով, 1921 թվականի հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 4-ն Արցախն ու Հայաստանը միասին են եղել: 98 տարի անց կրկին կանգնած է Հայաստանի ու Արցախի վերամիավորման հարցը: Դրա համար կան բոլոր նախադրյալները եւ, ըստ ամենայնի, հենց այդ որոշումը կարող է երկարամյա հակամարտության միակ հնարավոր կարգավորումը լինել: Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կամ էլ նրա վերամիավորումը Հայաստանի հետ խուճապ է առաջացնում Ադրբեջանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում: Ռուսական մամուլում Ղարաբաղի մասին հազվագյուտ վերլուծական հոդվածները լցված են վախով առ այն, որ Երեւանն ու Ստեփանակերտը կարող են կյանքի կոչել իրենց պատմական իրավունքը եւ 42 հազար քկմ տարածքում միասնական պետություն ստեղծել: Այս վախերից ելնելով էլ տարատեսակ սադրանքներ են արվում՝ Հայաստանն ու Արցախը պառակտելու փորձեր, պատերազմի վերսկսման սպառնալիքներ, Արցախը ռուսական մանդատի տակ փոխանցելու «առաջարկներ» եւ այլն: Այս սադրանքներն ուղված են կարեւոր որոշումից՝ միասնական հայկական պետության ստեղծումից ուշադրությունը շեղելուն: Այս որոշումն ակնհայտորեն հասունանում է՝ «իրողությունների ճանաչման» միջազգային թրենդի եւ հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության թրենդի համատեքստում: Այս որոշման նախապատրաստման համատեքստում տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում՝ սկսած Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ դաշինքի ձեւավորումից, վերջացրած սահմանին հետաքննության մեխանիզմներ տեղադրելու պահանջով: Վերամիավորումն ավարտին հասցնելու համար պետք են հզոր ռազմաքաղաքական երաշխիքներ: Դրանք կարող են տալ այդ թվում հետաքննության միջազգային մեխանիզմները: Ղարաբաղը դարերով սրբորեն պահպանել է հայկական պետականության ավանդույթները եւ պատրաստ է դառնալ միասնական հայկական պետության մասը: Արցախում մինչեւ 18-րդ դարի երկրորդ կեսը գոյություն ունեցած Խամսայի մելիքությունները հայկական ազգային պետականության վերջին օջախն էին: 14-րդ դարում Կիլիկայի հայկական թագավորության կործանումից հետո, ինչպես նշում են Բրիտանիկա հանրագիտարանը եւ այլ հեղինակավոր աղբյուրներ, միայն Ղարաբաղում է պահպանվել հայկական պետական կարգը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
12-06-2019 19:29