Ինչու է սահմանափակվել մեքենաների համարանիշների որոնման հնարավորությունը

12-06-2019 20:41

Ոստիկանության կայքում վերջին շրջանում սահմանափակվել է հաշվառման համարանիշների որոնման հնարավորությունը: Lragir.am-ը այս առնչությամբ բողոք է ստացել քաղաքացիներից: Փորձեցինք ՀՀ ոստիկանությունից պարզել, թե որն է պատճառը: Ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Lragir.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի առցանց որոնման համակարգում տեսանելի են բոլոր ազատ համարանիշերը: «Անհրաժեշտ է նշել կոնկրետ համարանիշը (ներառյալ տառերը) և համակարգը կպատասխանի՝ ազատ է այն, թե՝ ոչ»,- նշվում է ոստիկանության պատասխանում: Այդուհանդերձ, ոստիկանությունից հաստատում են, որ որոնման համակարգում սահմանափակումներ են եղել: Եվ դա բացատրում են հետևյալ կերպ․ «Նախկին ձևաչափով համացանցից արվող անհամար հարցումները կենտրոնական սերվերի համար դարձել էին գերբեռնվածության պատճառ, որն իր հերթին խոչընդոտում էր տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ բնականոն աշխատանքի կազմակերպմանը: Վերլուծության արդյունքում նկատվել է նաև սերվերը հարցումներով ծանրաբեռնելու միտում: Այդ պատճառով սահմանափակվել է առցանց հարցումների քանակը, ընտրելով որոնման ավելի հստակ ձևաչափ: Ավելին՝ տարածքային ստորաբաժանումներում պահպանվել է նախկին որոնման ձևը (առանց տառերի)՝ փորձելով համարանիշի ընտրման հարցում ավելի լայն հնարավորություն ընձեռել բուն գործարքը կատարող քաղաքացիներին, այլ ոչ հետաքրքրության համար համացանցով որոնում կատարող քաղաքացիներին»: Ըստ ոստիկանության՝ ՀՀ օրենսդրական նորմերով որևէ պարտադիր պայման սահմանված չէ տվյալ գործիքակազմի վերաբերյալ, ուստի ճանապարհային ոստիկանությունը մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի որոնման համար քաղաքացիներին տրամադրվող գործիքի ձևի ընտրման հարցում առաջնորդվում է սեփական հայեցողությամբ:

Lragir.am,
12-06-2019 20:41