Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում շինարարությունը դադարեցված է վեճի պատճառով

13-06-2019 13:49

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) գծով կա աշխատանքների դադարեցում, և շինարարի հետ բանակցություններ են ընթանում, վեճի լուծման հարցն է: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Տրանշ 3-ի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են՝ որոշակի հապաղումներով ու ուշացումներիով՝ կապված նախկինում առաջացած խնդիրների հետ: Բայց այնուամենայնիվ, այս պահին ճանապարհի շինարարությունն իրականացվում է: Կապված հարավային մասի հետ ինտենսիվ քննարկումներ են ընթանում տարբեր ուղղություններով՝ թե Եվրոպական միության հետ, թե տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Առաջիկայում դրա մասին արդեն նոր նախարարությունը կհայտնի»,- ասաց նա: Անդրադառնալով իսպանական կապալառու ընկերության սնանկացման մասին հարցին՝ Արշակյանը պատասխանեց, որ քանի որ դա կապալառուի ներքին խնդիրն է, չի կարող մեկնաբանել: «Միայն պրոյեկտի առումով կարող եմ ասել, որ հիմա ընթանում են կապալառուի հետ բանակցություններ՝ աշխատանքների հնարավոր վերականգման համար: Եթե վեճը արդյունք չտա, բանակցությունների արդյունքում հնարավոր են նաև այլ տարբերակներ»,- հավելեց նախարարը: Հակոբ Արշակյանը խուսափեց պատասխանել հարցին, թե նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք ինչ խախտումներ են արձանագրվել:

Lragir.am,
13-06-2019 13:49