Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից

13-06-2019 14:38

«Ֆեյսբուքի»-ի օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանը հունիսի 11-ին իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից,  գործակալության հորդորով լուսանկարի հեղինակն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից: «Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով երեխայի լավագույն շահի սկզբունքը»,-նշված է գործակալության հաղորդագրության մեջ Գործակալությունը դիմում է բոլոր այն օգտատերերին, ովքեր ևս կիսվել են այս լուսանկարով, հեռացնել այն իրենց էջերից: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է, որ մարդու լուսանկարը համարվում է կենսաչափական անձնական տվյալ, ուստի ենթադրելի է, որ այն ունի պաշտպանության ավելի բարդ մեխանիզմ և մինչև այն մշակելը, այդ թվում փոխանցելը և կամ տարածելը, պետք է ստանալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը: Երեխաների դեպքում տվյալների սուբյեկտը նրա օրինական ներկայացուցիչն է (ծնող, խնամակալ և այլն): Սակայն երեխայի լավագույն շահի սկզբունքի համաձայն, որոշ դեպքերում, երբ անգամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի առարկում, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը կարող է արգելել երեխայի անձնական տվյալի մշակումը: Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ավելին իմանալու համար քաղաքացիները կարող են ծանոթանալ Գործակալության հետևյալ 2 ուղեցույցներին`Ուղեցույց` երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին, Զգո՛ւյշ, երեխաներ են. ուղեցույց՝ երեխաների անձնական տվյալների վերաբերյալ:

Lragir.am,
13-06-2019 14:38