ԱՄՆ հիշեցրել է Խոսրովի հրդեհը. խորհրդավոր լուսանկարները

Հունիսի 3-6-ը Երեւանում են եղել ԱՄՆ անտառային ծառայության մասնագետները, որոնք հանդիպել են Հայաստանի թե պետական գերատեսչությունների, թե ոլորտի հանրային կազմակերպությունների հետ, քննարկել Հայաստանի անտառների պաշտպանության կարողությունները բարձրացնելուն միտված նոր ծրագրերը: Այցի վերաբերյալ տարածած հաղորդագրություններից մեկում, Երեւանում ԱՄն դեսպանատան ֆեյսբուքյան էջում կար հիշեցնում նաեւ 2017 թվականին Հայաստանում արտակարգ լրջագույն իրավիճակի՝ Խոսրովի արգելոցի հրդեհի մասին: Դեսպանատան ֆեյսբուքյան էջի գրառման մեջ նշվում էր, որ «2017թ. հրդեհի օրերին և հաջորդիվ ԱՄՆ անտառային ծառայությունը, աշխատելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ, ապահովում էր անհետաձգելի աջակցություն: ԱՄՆ անտառային ծառայության հեռահար համակարգերի մասնագետները ՀՀ կառավարությանն ապահովեցին Խոսրովի ու Արտավանի անտառներում այրված տարածքների մասին տվյալներով, ապա ԱՄՆ-ից ժամանած այրված տարածքների արձագանքման արտակարգ գործողությունների թիմը գնահատեց հողի ու բուսածածկի վիճակը և հրդեհից հետո առկա ռիսկերը»: Հատկանշական է, որ այդ օրերին՝ երբ Հայաստանը ուշադրությամբ հետեւում էր Խոսրովի արգելոցում ծավալվող կրակե դրամային, երբ բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ընդհուպ նախարարների գլխավորությամբ կռվում էին կրակի տարածման դեմ եւ փորձում հանգցնել այն, գրեթե չէր խոսվում այդ գործում ԱՄՆ ցուցաբերվող օժանդակության մասին: Փոխարենը բավականին լայնորեն լուսաբանվեց ռուսական օժանդակությունը, մասնավորապես ջրցան օդանավի տեսքով: Ինչ խոսք, պետք է արձանագրել, որ օդանավի աջակցությունն անփոխարինելի էր, ըստ այդմ հասկանալի է, որ դրա հանդեպ ուշադրությունն առանձնահատուկ էր: Եթե չլիներ օդանավի այդ աջակցությունը, աղետը կարող էր ունենալ ավելի մեծ մասշտաբ եւ պատճառել ավելի մեծ վնաս: Բայց, միաժամանակ հարց է, թե արդյոք չի եղել համարժեք աջակցության առաջարկ օրինակ հենց Միացյալ Նահանգների անտառային պահպանության ծառայությունից: Բայց, տվյալ դեպքում հարցը օգնության ԱՄՆ եւ ռուսական ծավալների համեմատությունը կամ դրանց հանդեպ ուշադրության աստիճանը չէ: Որովհետեւ, Խոսրովի արգելոցի հրդեհի առումով կային առաջին հայացքից առավել քիչ նշանակալի թվացող, սակայն տարակուսելի իրողություններ: Օրինակ այն, որ մեկ շաբաթ շարունակ ծավալվող այդ դրամայի օրերին բացարձակապես անհաղորդ էին վարչապետ Կարեն Կարապետյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը: Տպավորություն էր, թե նրանցից յուրաքանչյուրը փորձում էր պատասխանատվությունը թողնել մյուսի վրա: Երկուսն էլ այսպես ասած ձայն հանեցին գրեթե վերջին օրերին, երբ հրդեհն արդեն մարվում էր: Ի դեպ, Կարեն Կարապետյանը հայտարարություն արեց միայն ՌԴ-ին օդանավի համար շնորհակալություն հայտնելու նպատակով: Ավելին, այդ օրերին ծավալվում էր նաեւ տարօրինակ հակաքարոզչություն Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, եւ ինչը առավել հետաքրքիր է՝ հիշատակելով, որ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնում նա աշխատում էր ՆԱՏՕ հետ Հայաստանի գործակցության ուղղությամբ: Առավել հետաքրքիրը, եւ թերեւս սենսացիոնը պետք է լիներ ավելի ուշ, արդեն 2017-ի ձմռանը, երբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ԱՄՆ գործընկերները տրամադրել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Խոսրովի արգելոցի հրդեհի բռնկման օջախները եղել են երեքը, եւ դրանք եղել են երեք համաժամանակյա օջախներ, միմյանցից բավական հեռու: Դա առնվազն ծանրակշիռ կասկածի տեղիք է տալիս, որ համաժամանակյա երեք, այն էլ միմյանցից բավական հեռու օջախները չէին կարող լինել պատահականության հետեւանք: Այդուհանդերձ, հրդեհի վերաբերյալ քննությունը չի պարզել, թե ովքեր են հրկիզել Խոսրովի արգելոցը եւ արտակարգ իրադրության եւ լրջագույն սպառնալիքի տակ դրել Հայաստանը: 2018 թվականի մարտին Քննչական Կոմիտեն, որը ղեկավարում էր Աղվան Հովսեփյանը, հայտարարել է քրգործը կարճելու մասին, եզրակացնելով, որ ամենայն հավանականությամբ հրդեհը բռնկվել է բարձր ջերմային ֆոնի պատճառով, չոր խոտի բռնկումից: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ կասկածի տակ չի դնում հայաստանցի իրավապահների պրոֆեսիոնալիզմը: Իսկ տիեզերական լուսանկարնե՞րը, որ տրամադրել էին ամերիկացի մասնագետները եւ որոնցում, ըստ Մինասյանի պարզ էր դառնում, որ հրդեհը բռնկվել է երեք համաժամանակյա օջախներից: Ի վերջո, այդ լուսանկարների առկայությունը հարց էր առաջացնում, իսկ կարո՞ղ էին ամերիկացի գործընկերները տիեզերական տեխնոլոգիաների օգնությամբ տիապետել ավելի մանրամասն եւ դետալային լուսանկարների: Այդ ֆոնին, հնարավո՞ր է Խոսրովի արգելոցի հրդեհի քննության վերսկսում: Արդյոք ԱՄն անտառային պահպանության ծառայության աշխատակիցները Հայաստան այցի ընթացքում բերել են տեղեկություններ, որոնք կարող են լինել Խոսրովի հրդեհի գործը վերաբացելու նոր հանգամանք:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
13-06-2019 15:01