ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը

13-06-2019 16:25

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվետվությունը քվեարկությամբ միաձայն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում: «2018-ն առանձնացավ այն իմաստով, որ կարող էին տեղի ունենալ ռիսկեր, որոնք կապված էին խորը, համապարփակ քաղաքական իրադարձությունների հետ: Կային բազմաթիվ շահարկումներ՝ կապված հնարավոր  անկայունության և դրանից բխող հետևանքների հետ, բայց պետք է արձանագրենք, որ այդ ամենը հաշվի առնելով, մենք ունեցել ենք բյուջետային կայուն ցուցանիշներ, բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել մակրոտնտեսական կայուն միջավայրում: Եվ այն նպատակադրումները, իր առջև դրված խնդիրները, որոնք ըստ էության ունեցել է բյուջեն, կարելի է գնահատել լուծված»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նկատեց, որ հեռու ենք այն մտքից, որ արձանագրված արդյունքները կարելի է գնահատել իդեալական, բայց առնվազն ստեղծված և առկա հանգամանքները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ արձանագրված արդյունքները եղել են առավելագույնը:

Lragir.am,
13-06-2019 16:25