Ստամբուլում պարտությունը կարող է դառնալ Էրդողանի կարիերայի ավարտի սկիզբը

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Պարոն Գաբրիելյան, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն: Դրանից առաջ ևս ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը մի քանի քաղաքներում պարտություն էր կրել: Ստեղծված իրավիճակն ինչի՞ մասին է խոսում: Հնարավո՞ր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում Էրդողանն ընդհանրապես իշխանությունը կորցնի: Էրդողանի կուսակցության պարտությունն ունի մի քանի պատճառ: Նախ՝ պետք է նշել արտաքին և ներքին քաղաքականության մեջ Էրդողանի թույլ տված սխալները, բացթողումները, նաև արկածախնդրությունը, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծել Թուրքիայում, և մարդիկ դժգոհ են դրանից: Մասնավորապես, թուրքական լիրան է արժեզրկվել, գներն են բարձրացել և այլն: Հաջորդ պատճառն այն է, որ ընդդիմությունը կարողացել է ավելի լավ մոբիլիզացվել և կարողացել է իր կողմը գրավել քրդական ընտրազանգվածը: Մենք գիտենք, որ քրդերը թեկնածու չէին առաջադրել Ստամբուլում և իրենց ձայնը տվել են ընդդիմադիր թեկնածուին: Կարող ենք նաև ավելացնել, որ Բինալի Յըլդըրըմը, ի տարբերություն Էրդողանի, խարիզմատիկ առաջնորդ չէ: Եվ վերջապես այն, որ Էրդողանը որոշեց գնալ անարդար ճանապարհով, նշանակեց կրկնական ընտրություններ, դա կարող էր հենց իր դեմ դուրս գալ այն առումով, որ իր թիմում էլ կարող էր այդ որոշումից լուրջ դժգոհություն լինել: Այսինքն՝ դրանով նա կարող էր վանել հենց իր ընտրազանգվածին: Մարդիկ հիասթափվեցին, որ նա չէր ցանկանում հանձնել Ստամբուլը: Իսկ Ստամբուլը Թուրքիայի ամենամեծ քաղաքն է, ֆինանսական մայրաքաղաքը, անգամ երկրի ՀՆԱ-ի 30 տոկոսը բաժին է ընկնում Ստամբուլին: Հիմա սա լուրջ ահազանգ է Էրդողանի համար, որ նա պետք է լուրջ վերափոխումներ անի կուսակցության ներսում, որպեսզի կարողանա պատշաճ ձևով մոտենալ հաջորդ՝ 2023 թվականի խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Բացի այդ, այդ ժամանակ Թուրքիայում նշելու են հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի ընդդիմությունը, այսինքն՝ քեմալականները մեծապես ակտիվանալու են մինչ այդ, որովհետև հանրապետության հիմնադիրը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է, և ըստ էության քեմալականների տոնն է 2023-ին: Այնպես որ, Էրդողանը լուրջ անելիք ունի, և Բինալի Յըլդըրըմի պարտությունը, այո, առաջին հերթին Էրդողանի պարտությունն է: 1994 թվականին Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին իր հաղթանակը համարում էր հաղթանակ ամբողջ Թուրքիայում, հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ նա պարտվել է ամբողջ Թուրքիայում:  Այո, կարելի է ասել այդպես: Ստամբուլի կարևորության մասին նա նշել է այն ժամանակ, երբ Ստամբուլի քաղաքապետ է եղել, դրա համար նա չէր ցանկանում հանձնել Ստամբուլը, հիմա էլ Ստամբուլում մեգանախագծեր է իրականացնում, որոնք հարցականի տակ կարող են դրվել: Օրինակ՝ Ստամբուլի ջրանցքի կառուցման հարցը և այլն: Ամեն դեպքում, նա պետք է լրջորեն մտածի, որպեսզի չկորցնի ամբողջ Թուրքիան: Ամեն ինչի սկիզբն ունի նաև իր ավարտը, և հիմա սա կարող է նրա համար ահազանգ լինել: Այսինքն՝ եթե մինչև 2023թվականի ընտրություններ ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը հաղթի, ապա համապետական ընտրություններին Էրդողանը  կկորցնի իշխանությունը: Այո, բնականաբար, և եթե Թուրքիան S-400 համակարգը Ռուսաստանից գնի և դրա դիմաց ստանա ամերիկյան պատժամիջոցներ, դրանց հետևանքը Թուրքիայում իրենց մաշկի վրա զգալու են միլիոնավոր, եթե չասեմ տասնյակ միլիոնավոր մարդիկ, և նրանց դժգոհությունն աճելու է, ինչը լրջորեն վնասելու է Էրդողանի հեղինակությանը: 2023-ին նա կարող էր հռչակել իր Թուրքիան, որը հարցականի տակ է դրվել, քանի որ Նոր Թուրքիան առանց Ստամբուլի մի փոքր այն չէ: Աշնանը, օրինակ, Էրդողանը հայտարարում էր, որ 2019-ի ապրիլի 1-ից Թուրքիայում սկսվելու է նոր ժամանակաշրջան, բայց եկավ մարտի 31-ի ընտրությունը, և քանի որ Ստամբուլում պարտություն էին կրել, ստիպված ապրիլի 1-ը տեղափոխեցին հունիսի 24: Հիմա էլի պարտվեց, և Էրդողանը լրջորեն պետք է մտածի, քանի որ իր կուսակցության ներսում էլ լուրջ խմորումներ կան, նախկին իր թիմակիցները ցանկանում են նոր կուսակցություն ստեղծել, որը կխլի նրա ընտրազանգվածի մի մասը, ինչը վտանգավոր զարգացում է լինելու իր կուսակցության համար, քանի որ քեմալականները իրենց ընտրազանգվածն ունեն, քրդերը՝ իրենցը, իսկ Էրդողանի նախկին թիմակիցները՝ իրենցը, բնականաբար, նրանք իրենց կողմը կգրավեն Արդարություն և զարգացում կուսակցության ընտրազանգվածի մի զգալի մասը: Եթե նույնիսկ ընդդիմությունը հաղթի, Էրդողանը պարտվի, կունենա՞նք փոխված Թուրքիա, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում: Ներկա դրությամբ չենք ունենա փոփոխված Թուրքիա, բայց Ստամբուլի ընտրությունների արդյունքը կարող է լինել այդ փոփոխությունների սկիզբը և Էրդողանի և նրա թիմի քաղաքական կարիերայի ավարտի մեկնարկը: Իհարկե, հիմա դժվար է ասել, որ եթե քեմալականները գան իշխանության, ինչպիսի քաղաքականություն կորդեգրեն Հայաստանի հանդեպ: Այդ հարցում կարելի է կանխատեսել, որ թուրքական իշխանությունների մոտ շատ բան կփոխվի, այդ թվում՝ արաբական երկրների հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը կփոխվի, Թուրքիան իր հայացքն ավելի շատ կհառի դեպի Արևմուտք, քան դեպի Ռուսաստան և դեպի իսլամական աշխարհ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
25-06-2019 10:17