Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

25-06-2019 17:30

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը: Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները: Դատական ակտերն ստանալուց հետո կքննարկվի նաև բողոքում հավելյալ հիմքեր ներկայացնելու հարցը: Նշենք, որ դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր՝ հունիսի 25-ին բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները: Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Lragir.am,
25-06-2019 17:30